ԵՓՐԱՏ, Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող գետ Առաջավոր Ասիայում: Երկու ճյուղերը (Արևմտյան Եփրատ և Արևելյան Եփրատ կամ Արածանի) միախառնվում են Խարբերդի դաշտում և կազմում մայր գետը, որը, հոսելով հարավ, Միջագետքի հարթավայրում միանում է Տիգրիսին՝ կազմելով Շատ էլ Արաբ գետը, և թափվում Պարսից ծոց: Այս գետը տխուր համբավ ունի հայոց պատմության մեջ: 1895-96-ին և 1915-16-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածի ժամանակ, քաղաքակիրթ աշխարհից ցեղասպանության մասշտաբները թաքցնելու համար, ինչպես նաև ի վիճակի չլինելով անհամար զոհերին հանձնել հողին, թուրք ջարդարարները հաճախ դիակները նետել են գետերը, առաջին հերթին՝ Եփրատ: 1895-ի դեկտեմբերին Խարբերդի դաշտի հայկական գյուղերում համիդեական մի գնդի դաժան ջարդից ու անարգանքից ազատվելու համար բազմաթիվ կանայք նետվել են Եփրատ: 1896-ի սեպտեմբերին Ակն քաղաքում սրի քաշված մոտ 2 հզ. հայերի դիակներ թուրքերը լցրել են Եփրատ: Ականատեսներն այդ դիակներին հանդիպել են Ակնից 40-50 մղոն հեռավորության վրա: Դերջանի գավառի 18 հայկական գյուղերի բնակիչներից կազմված կարավանը կոտորվել և լցվել է Եփրատ 1915-ի մայիսի առաջին կեսին: Օգոստոսին Մարաշից հարավ-արևելք բռնագաղթեցված հայերի զգալի մասը ևս հեղձամահ է արվել Եփրատում: Օգոստոսի 6-ին, Ուրֆա փոխադրելու պատրվակով, Մալաթիայի Բեսնե գյուղից տեղահանված 1800 մարդ ևս խեղդամահ է արվել Եփրատում: Գերմանացի ականատեսի վկայությամբ, այդ օրերին Եփրատով քշված հազարավոր դիակներ ափ նետվելով դառնում էին գիշատիչների կերակուր: 1915-ի ամռանը Եփրատի ջրերին են հանձնվել բազմաթիվ տարագիրներ Կ. Պոլսից, Հռոդոսից, Նիկոմեդիայից, Իկոնիայից, Կեսարիայից, Պարտիզակից, այլ վայրերից: Սակայն Եփրատում իրենց մահկանացուն է կնքել հիմնականում Էրզրումի, Բաբերդի, Երզնկայի, Ակնի, Խարբերդի և Մշո դաշտի հայությունը: Ականատեսների վկայությամբ, 1915-ի հունիսին Երզնկայից ոչ հեռու՝ Կամախ-Բողազ վայրում, գետն անցնելիս, այնքան մարդ է նետվել ջուրը, որ կամրջի տակ առաջացել է խցանում, որի պատճառով Եփրատը դուրս է եկել ափերից և արյան գույն ստացել: Դեյր էզ Զոր գաղթակայանից բազմաթիվ հայուհիներ դիմել են անձնասպանության՝ մանուկների հետ նետվելով Եփրատ.: Հայտնի են դեպքեր, երբ Եփրատը դիակներ է հասցրել մինչև Պարսից ծոց: 1915-ի ամռանը դիակների թիվը Եփրատում այնքան է աճել, և այդ զարհուրելի երևույթն այնպիսի զայրույթ է առաջացրել Եփրատ և Տիգրիս գետերի ավազանում ապրող արաբների, քրդերի, Եվրոպայի առաջադեմ հասարակայնության, անգամ՝ թուրք հոգևորականության շրջանում, որ երիտթուրքական կառավարությունը հարկադրված ցուցում է տվել Դիարբեքիրի, Խարբերդի, Ուրֆայի և Զորի նահանգապետներին, որպեսզի նրանք արգելեն սպանվածների դիակները գետը լցնել և կարգադրեն բոլորին թաղել: Մոտավոր հաշվումներով Եփրատում խեղդամահ է արվել 55-60 հզ. հայ:

Ա. Մելքոնյան

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am