ԷՆԳԵԼՍ (Engels) Ֆրիդրիխ (1820-1895), գիտական կոմունիզմի հիմնադիրներից, գերմանացի փիլիսոփա: Համակրանքով է վերաբերվել հայ ժողովրդին, հետաքրքրվել է նրա պատմական անցյալով թուրքական բռնակալության և ցարական ինքնակալության դեմ նրա մղած ազատագրական պայքարով: Միջազգային բանվորական շարժման գործիչ Ֆ.Զորգեին 1889-ին գրած նամակում էնգելսը նշավակել է «թուրքական գազանությունները Հայաստանում», «սարսափները», որոնք իրենց նվաճողական ծրագրերի իրականացմանն էին ծառայեցնում ինչպես արևմտյան տերությունները, այնպես էլ ցարական Ռուսաստանը: Էնգելսը ծանոթ է եղել և նամակագրական կապ պահպանել հայ գործիչների հետ: Հայ ս-դ գործիչ Հովսեփ Աթաբեկյանցը 1894-ի նոյեմբերի 1-ին (Շտուտգարտից Լոնդոն) գրած նամակում Էնգելսին խնդրել է գրել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» հայկական հրատարակության համար առաջաբան, միաժամանակ տեղեկություններ հաղորդել Հայաստանի պատմության, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, 19-րդ դարի վերջին հայերի վիճակի մասին: 1894-ի նոյեմբերի 23-ին Էնգելսը պատասխանել է` շնորհակալություն հայտնելով տեղեկությունների համար և նշել, որ հայ ժողովրդին դժբախտություն է վիճակված «գտնվելու թուրքական բռնակալության Սկիլլայի և ցարական դեսպոտիզմի Քարիբդայի միջև»: Հայ ժողովրդին հղելով լավագույն ցանկությունները` նա եզրակացրել է, որ Հայաստանի ազատագրումը սուլթանից, ինչպես նաև ռուսական ցարի լծից «հնարավոր կլինի միայն այն օրը, երբ կպարտվի ռուսական ցարիզմը» [Маркс К.,Энгелс Ф.,Соч.,т.39,ц.270-271].

Միաժամանակ Էնգելսը գոհունակություն է հայտնել Աթաբեկյանցին Կառլ Մարքսի և իր աշխատությունները հայերեն հրատարակելու համար, սակայն մերժել է «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» հայերեն` իրեն անծանոթ լեզվով գրված հրատարակությունն առաջաբան գրել: Էնգելսի մահվան կապակցությամբ 1895-ին հնչակյան գործիչներ Ավետիս և Մարո Նազարբեկներն այցելել են Լոնդոն, տարել պսակ` «Հայաստանից» մակագրությամբ և «Հնչակի» օգոստոսյան համարում գրել հիշատակի հոդված:

 

Գ.Ղարիբջանյան

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

Հովհաննիսյան Ս.Գ«Էնգելսը և հայկական հարցը»,Մ.,1931: 

Иоанисян А.Г. "Письмо Иосифа Атабекянца Ф.Энгельсу по поводу перевода на армянский язык "Коммунистического манифеста"",ՊԲՀ,1959, No 2-3.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am