Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՕՐԵՆՔ 1903, հրապարակել է ցարական կառավարությունը հունիսի 12-ին: Օրենիքի համաձայն, հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը: Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին: Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր պետական նոր բացվելիք դպրոցներին: Այդ օրենքը հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության ամենացայտուն դրսևորումն էր, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից և արագացնել հայ ժողովրդի ռուսացումը, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության: Գրող Մ. Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտաոակ ակտ»:

Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները: Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Աշտարակում, Ախալցխայում և Կովկասի հայաբնակ այլ վայրերում տեղի ունեցան բողոքի ցույցեր, ամենուրեք տարածվեցին կառավարության կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ-թռուցիկներ: Ելիզավետպոլում, Թիֆլիսում, Շուշիում, Լոռիում, Բաքվում, Կարսում, Ղամարլուում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև: Ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվեցին: Հայերի հակացարական ելույթները համաժողովրդական բնույթ էին ստանում՝ արժանանալով երկրամասի մյուս ազգությունների համակրանքին: Արտասահմանի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքագրեր հղեց Էջմիածին և Պետերբուրգ: Ըմբոստացել էր նաև հայ հոգևորականությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան) գլխավորությամբ: Ժողովրդական ինքնաբուխ, տարերային ընդվզումն աշխուժացրեց հայ ազգային կուսակցությունների գործունեությունը: 1903-ի հոկտեմբերի 14-ին հնչակյանները մահափորձ կատարեցին Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի (որն այդ օրենքի նախաձեռնողն էր) դեմ: Դաշնակցությունը, գլխավորելով շարժումը, ամեն կերպ փորձում էր նրան հաղորդել զուտ ազգային բնույթ: Սոցիալիալական դեմոկրատիան հետևում էր ծավալվող դեպքերին և կոչ անում մինչև վերջ պայքարել ցարական բռնապետության դեմ, միավորել բոլոր ազգերի աշխատավորների ջանքերը:

Ոստիկանական բռնությունների և զենքի միջոցով իշխանություններին հաջողվեց բռնագրավել եկեղեցական գույքը, ռուսահայ թեմերում բռնագրավվեցին 145 հզ. դեսյատին եկեղեցապատկան հողատարածություն, 900-ից ավելի ոչհողային ունեցվածք և 1,775 հզ. ռ. դրամագլուխ: Դրանից հետո հայ ժողովրդի հակացարական պայքարն ընդունեց այլ ձևեր: Նախկին վարձակալներն այժմ հրաժարվում էին գույքի շահագործումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Էջմիածին էին հանձնում հավաքված բերքը, գաղտնի կոմիտեները աշխատանքի անտանելի պայմաններ էին ստեղծում բռնագրավված գույքը տնօրինող պաշտոնյաների համար: Արդյունքը եղավ այն, որ սպասված 300 հզ. ռ. դիմաց բռնագրավված գույքից 1904-ին ստացվեց միայն 133 հզ. ռ. եկամուտ: Հնազանդության փոխարեն հայ ժողովուրդն ավելի մեծ ձգտում ցուցաբերեց դեպի իր ազգային մշակույթն ու մայրենի լեզուն: Այդ համաժողովրդական պայքարն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի ազգային-ազատագական շարժումների պատմության մեջ:

Համաժողովրդական բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված հեղափոխության ազդեցության տակ ցարիզմն ստիպված էր նահանջել: 1905-ի օգոստոսի 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am