«ԷՋՄԻԱԾԻՆ», կրոնաբարոյական, պատմաբանասիրական պարբերական, Ամենայն հայոց կաթողիկոսության ամսագիր: Լույս է տեսնում 1944-ից, Էջմիածնում (մինչև 1961-ը տպագրվել է Երևանում): Խմբագիրներ՝ Ա. Առաքելյան, Լ. Կիսիբեկյան, Ա. Հատիտյան, Ե. Մելքոնյան: Լուսաբանում է Մայր աթոռ Ս. Էջմիածնի, հայ եկեղեցու թեմերի, հոգևոր-կրթական հաստատությունների կյանքը, հայ առաքելական եկեղեցու առնչությունները քույր եկեղեցիների հետ: Տպագրում է նյութեր հայոց պատմության ու մատենագրության, ձեռագրագիտության, միջնադարյան վանքերի ճարտարապետության, հոգևոր ու ժողովրդական երաժշտության վերաբերյալ, անդրադառնում հայոց լեզվի հարցերին: 1940-ական թթ. զետեղել է բազմաթիվ հոդվածներ ու փաստաթղթեր Հայ դատի և հայոց պահանջատիրության վերաբերյալ, պարբերաբար ներկայացրել սփյուռքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի հայաշատ կենտրոնների Ազգային խորհուրդների ջանքերը՝ ուղղված հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը: Արժանահիշատակ են նաև Ա. Վեռնոյի (Ա. Մալաքյան) «Հայերը և իրենց պահանջները» (1946, N 4-5), Մեծ եղեռնի ժամանակ ոչնչացված մշակույթի արժեքներին վերաբերող Ս. Քոլանջյանի «Մեր ձեռագրական կորուստները» (1965, N 2-7, 1966, N 8-10, 1967, N 5- 6), Ա. Նասիբյանի «1915 և անգլիական հայրենասերներ» (1990, N 4) հոդվածները:

Տ. Վարդանյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am