«ԴՐՈՇԱԿ», պարբերական, ՀՀԴ կուսակցության պաշտոնաթերթ: Առաջին երկու համարները լույս են տեսել 1891-ի մայիսին և սեպտեմբերին, Թիֆլիսում, երրորդը՝ 1892-ին, Ռումինիայում: Այնուհետև խմբագրությունը տեղափոխվել է Ժնև, որտեղ «Դրոշակ»-ը լույս է տեսել մինչև 1914-ը: Խմբագրական աշխատանքները վարել են Ռոստոմը, Ս. Շխյանը, Հ. Դավթյանը, Ա. Վռամյանը, Ք. Միքայելյանը, Ս. Զավարյանը, Գ. Խաժակը, Մ. Վարանդյանը, Է. Ակնունին, Ա. Ահարոնյանը և ուրիշներ: 1898-ին «Դրոշակ»-ի խմբագրության շուրջ կազմավորվել է ՀՀԴ կուսակցության Արևմտյան բյուրոն: «Դրոշակ»-ի որպես ամսաթերթ վերստին հրատարակվել է 1925-33-ին, Փարիզում: Խմբագիրներն էին Ս. Վրացյանը, Ա. Ջամալյանը: 1969-85-ին որպես ՀՀԴ բյուրոյի պաշտոնաթերթ հրատարակվել է Բեյրութում՝ «Ազդակ Շաբաթօրյակ-Դրոշակ» (խմբագիրներ՝ Բ. Փափազյան և Ս. Զեյթլյան) անունով:

«Դրոշակ»-ի երրորդ անգամ հրատարակվել սկսել է Աթենքում, 1986-ի ապրիլից որպես երկշաբաթաթերթ (խմբագիր՝ Ն. Բերբերյան): «Դրոշակ»-ում հրատարակվել են ՀՀԴ բյուրոյի կարևորագույն կոչերն ու հայտարարությունները, նաև ՀՀԴ ընդհանուր ժողովների նյութերը, մեկնաբանվել կուսակցության քաղաքականությունը Հայ դատի և հայ կյանքը հուզող այլևայլ հարցերի կապակցությամբ: Բազմաթիվ արժեքավոր արխիվային նյութեր և ուսումնասիրություններ են տպագրվել նաև ազգային-ազատագրական շարժման ու ՀՀԴ պատմության վերաբերյալ: Այդ ուսումնասիրություններից շատերը հետագայում լույս են տեսել առանձին հատորներով: «Դրոշակ»-ը լայնորեն լուսաբանում է Թուրքիայի ներքին կյանքն ու արտաքին քաղաքականությունը:

Ա. Սանջյան (Լիբանան)

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am