ԴՐՈ (Կանայան Դրաստամատ Մարտիրոսի) (1883, Իգդիր-1956, Բոստոն), ռազմական և քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Երևանի ռուսական գիմնազիայում, 1904-ին ընդունվել Պյատիգորսկի զինվորական ուսումնարանը: 1905-ին Բաքվում ահաբեկել է (կուսակցության հանձնարարությամբ) հայ-թաթարական բախումների հրահրիչ նահանգապետ Նակաշիձեին: 1908-ին անցել է Արևմտյան Հայաստան (Բայազետ), հսկել հայդուկային խմբերի համար զենք փոխադրելու գործը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական 2-րդ կամավորական գնդի հրամանատարն էր, 1917-ի վերջին՝ Սարիղամիշում ռազմական կոմիսար: Զորամասեր է ղեկավարել 1918-ին թուրքերի դեմ Բաշ Ապարանի ճակատամարտում: 1918-ի հայ-վրացական ընդհարումների ժամանակ Դիլիջան-Լոռի ուղղության հայկական զորախմբի հրամանատարն էր: 1920-ի նոյեմբերին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար: ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև 1920-ի դեկտեմբերի 2-ի համաձայնությամբ Դրոն մտել է Հայհեղկոմի մեջ (որպես ձախ դաշնակցական): Սակայն Երևան ժամանած Հայհեղկոմը չի համաձայնել այդ որոշմանը: Մինչև 1921-ի հունվարի 4-ը եղել է Խորհրդային Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատարը: 1921-ի հակախորհրդային Փետրվարյան ապստամբության կազմակերպիչներից: Հետագայում՝ վտարանդի: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործակցել է Գերմանիայի հետ՝ Հայաստանը գերմանացիների կողմից գրավվելու պարագայում հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու ակնկալությամբ: Պատերազմից հետո հաստատվել է Լիբանանում, ապա՝ ԱՄՆ-ում:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am