ԴՈՔՄԵՋՅԱՆ Ջորջ (Դյոկմեջյան Գուրգեն Ջորջ կրտսեր) (ծ. 1928, Ալբանի, Նյու Յորք), հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ: Ավարտել է Սիենա քոլեջը (1949), Նյու Յորքի Սենթ Ջոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1952): 1955-ին տեղափոխվել է Կալիֆոռնիա, ուր զբաղվել է փաստաբանությամբ: 1963-67-ին՝ Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ, 1967-79-ին՝ նահանգային սենատոր, ապա նաև Կալիֆոռնիայի սենատի հանրապետ. հատվածի ղեկավար. 1979-88-ին Կալիֆոռնիայի ընդհանուր դատախազ, 1982-ի նոյեմբեր-1991-ին՝ Կալիֆոռնիայի նահանգապետ: Դոքմեջյանը գործունորեն հանդես է գալիս հանուն Հայկական հարցի արդարացի լուծման: 1985-ին Մեծ եղեռնի 70-ամյակի նախօրյակին, Դոքմեջյանի աջակցությամբ ապրիլի 24-ը Կալիֆոռնիայում հայտարարվեց Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 1990-ի ապրիլին Դոքմեջյանը հատուկ հայտարարագրով 1990-ի ապրիլի 24-ը հռչակեց Հիշատակի պետական օր և կոչ արեց համայն մարդկությանը միանալ հայ զոհերի հիշատակի հարգանքի այդ տուրքին: 1990-ի մայիսին՝ ԽՍՀՄ պրեզիդենտ Մ. Գորբաչովի ԱՄՆ-ում գտնվելու օրերին Դոքմեջյանը նրան հանձնեց նամակ՝ ԽՍՀՄ-ում հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու և Լեռնային Ղարաբաղի արդար խնդիրը լուծելու դիմումով:

Ս. Սանջյան (Լիբանան)

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am