ԴԻԶՐԱՅԵԼԻ (Disraeli) Բենջամին, լորդ Բիկոնսֆիլդ (1804-1881), անգպետական և քաղաքական գործիչ, գրող, Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության հիմնադիրներից: 1852, 1858-59, 1866-68 ին՝ ֆինանսների նախարար, 1868, 1874-80-ին՝ պրեմիեր մինիստր: Վարել է եռանդուն գաղութատիրության, կայսրության տնտեսական և քաղաքական ամրապնդման քաղաքականություն: Օսմանյան կայսրությունում անգլիական դիրքերը ամրացնելու նպատակով արդարացրել է ազգային-ազատագրական շարժումները դաժանորեն ճնշելու թուրքական քաղաքականությունը: 1875-78-ի մերձավորարևելյան ճգնաժամի ժամանակ աջակցել է Ավստրո-Հունգարիային ու Թուրքիային՝ պաշտպանելով Օսմանյան կայսրության ամբողջականությունը: Հանդես է եկել 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի դեմ: 1878-ի մայիսին ռուսական կառավարությանը հարկադրել է ստորագրել Անգլոռուսական համաձայնագիրը: Միաժամանակ Բարձր դռանը պարտագրել է գաղտնի համաձայնագիր (տե՛ս Կիպրոսի կոնվենցիա 1878), որով Անգլիան, Արևմտյան Հայաստանում Ռուսաստանի «մեքենայությունները» խափանելու գործում Թուրքիային օգնելու փոխարեն, հնարավորություն է ստացել գրավել Կիպրոս կղզին: Եռանդուն մասնակցություն է ունեցել 1878-ի Բեռլինի կոնգրեսին, որտեղ արտասանված առաջին իսկ ճառում հայտարարել է, որ Բեռլին է եկել թուրքական սուլթանի գործերը «կարգավորելու» և նրան «լիակատար հնարավորություն ընձեռնելու՝ իր իշխանությունը Թուրքիայում լիովին իրականացնելու» համար: Նա հատկապես խիստ է արտահայտվել Ալաշկերտի դաշտը Ռուսաստանին հանձնելու դեմ՝ պատճառաբանելով, թե դրանով, իբր, «կփակվեր անգլիական առևտրական ճանապարհը Փոքր Ասիայում»: Գերմանական դիվանագետ Հոհենլոեն նշում է, որ Դիզրայելին իր ամենագգացմունքային, ամենաթունդ հակառուսական ճառը արտասանել է Արևմտյան Հայաստանի տարածքային հարցերը քննելի:

Ա. Կիրակոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am