ԴԻԼՈՆ (Dillon) Էմիլ (1854-1933), իռլանդացի գիտնական ու լրագրող: Արևելյան լեզուների և համեմատական լեզվաբանության մասնագետ: 1880-ական թթ. սկզբին աշխատել է Ռուսաստանում՝ Պետերբուրգի, ապա Խարկովի համալսարաններում: Ուսումնասիրել է հայոց լեզուն ու գրականությունը, պարապել Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: Գրել է հայոց լեզվին նվիրված մի շարք աշխատություններ, թարգմանել հին հայկական սկզբնաղբյուրներ: 1895-ին, որպես Լոնդոնի «Դեյլի թելեգրաֆ» թերթի թղթակից, եղել է Թուրքիայում, այցելել Արևմտյան Հայաստան՝ այնտեղի իրադարձությունները լուսաբանելու համար: Չնայած թուրքական իշխանությունների հարուցած դժվարություններին, հավաքել է մեծ քանակությամբ արժանահավատ տեղեկություններ, որոնք վկայում են թուրքական կառավարող շրջանների մեղավորությունը հայ բնակչության զանգվածային ջարդերում: Այդ տվյալների հիման վրա գրել է Հայկական հարցին վերաբերող հոդվածաշար, որը տպագրվել է անգլիական մամուլում: «Հայաստանը և հայ ժողովուրդը» (1890), «Իրադրությունը Հայաստանում» (1895), «Հայաստան. դիմում» (1896), «Ձախողում Հայաստանում» (1896) և այլ հոդվածներ անգլիական ընթերցողին ծանոթացնում են հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, փաստական հարուստ նյութ պարունակում թուրքական կառավարության XIX դ. 90-ական թթ. հակա-հայկական քաղաքականության մասին, գրանցում տրվել է նաև եվրոպական տերությունների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի Հայկական հարցում վարած քաղաքականության վերլուծությունը: Դիլոնի հրապարակումներում արտահայտվել է անգլիական հասարակական շրջաններում ժամանակին լայն տարածում գտած այն կարծիքը, թե թուրքական լծից հայերի ազատագրման համար անհրաժեշտ է Ռուսաստանին իրավունք տալ գրավել Արևմտյան Հայաստանը, Դիլոն գրում է, որ Մեծ Բրիտանիան, աչք փակելով հայ ժողովրդի նկատմամբ «թուրքական դաժանությունների» վրա, դրանով խրախուսել է Բարձր դռանը զանգվածային ջարդեր կազմակերպելու: Նրա կարծիքով հայերը դարձել են Մեծ Բրիտանիայի շահադիտական քաղաքականության «անմեղ զոհը»:

Ա. Կիրակոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am