ԴԻԱՐԲԵՔԻՐ, Ամիդ, Կարա-Ամիդ, Տիգրանակերտ, քաղաք Արևմտյան  Հայաստանում, Տիգրիս գետի աջ ափին: Եղել է Մեծ Հայքի Չորրորդ Հայք (Ծոփք) նահանգի կազմում: Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է, հիշվում է մ. թ. ա. II հազա-րամյակի վերջից:

Օսմանյան կայսրության տիրապետության տակ է անցել XVI դ. կեսին, սկզբում՝ Դիարբեքիր էյալեթի, 1864- ից՝ վիլայեթի կենտրոնը: XX դ. սկզբին ուներ շուրջ 35 հզ. բնակիչ (1878-ին՝ 25,5 հզ.), որից 15050-ը՝ հայեր: Բնակվում էին նաև թուրքեր, քրդեր, ասորիներ, դմլիկներ (զազաներ), հույներ, հրեաներ ևն (ոչ մահմեդականները կազմում էին 50 %-ից ավելին): Հյուսիսային Միջագետքը Պարսկաստանին կապող ճանապարհին ընկած Դիարբեքիրը գերազանցապես հայերի ձեռքում գտնվող առևտրի և արհեստագործության աչքի ընկնող կենտրոններից էր: Լայնորեն տարածված էին շալագործությունը, գորգագործությունը, ասեղնագործությունը, ոսկերչությունը, զինագործությունը, կոշկակարությունը, շերամապահությունը ևն: Հայերն ունեին 2 եկեղեցի՝ Ս. Կիրակոս և Ս. Սարգիս: Գործում էին մեկ տասնյակ դպրոցներ, կրթական և մշակութային ընկերություններ (Անձնվեր, Համազգային, Հայենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց): 1895-ի նոյեմբերի 1-3-ը հայկական առաջին կոտորածի ժամանակ, որին մասնակցել են նաև թուրքական կանոնավոր զորքերն ու ոստիկանությունը, զոհվել է 3000, վիրավորվել 1500 մարդ (այդ թվում՝ ասորիներ և հայեր): Ավերվել և կողոպտվել են 1800-ից ավելի տներ, 2433 խանութ ու կրպակ, որոնց մեծ մասը պատկանում էր հայերին: Հիմնահատակ կործանվել են Դիարբեքիրի արվարձաններ Խթըրբըլ (Գթըրբըլ) և Ալիբունար (Ալիփունար) հայաբնակ գյուղերը: Նյութական վնասը, ըստ ֆրանսիական հյուպատոս Գյուստավ Մեյրիեի, կազմել է 2 մլն թուրական լիրա(մեկ այլ տվյալներով՝ 10 մլն ոսկի): Տեղ-տեղ հայերը, ինքնապաշտպանության դիմելով, հետ են շպրտել մոլեռանդ ամբոխին, մի քանի հազար էլ ապաստանել են ֆրանսիական հյուպատոսարանի շենքում, ասորական Ս. Աստվածամայր և կապուցիների կաթոլիկ եկեղեցիներում:

Մեծ եղեռնի ժամանակ Դիարբեքիրի հայերը նոր բռնությունների են ենթարկվել: 1915-ի հունիսին ոչնչացնելով առավել ազդեցիկ անձանց (այդ թվում՝ առաջնորդափոխանորդ, վարդապետ Մկրտիչ Չլղատյանին)՝ թուրքական իշխանությունները մինչև հոկտեմբեր Ռաս ալ Այն են քշել և գազանաբար կոտորել հայերի մեծագույն մասին: 1960-ական թթ. Դիարբեքիրում մնացել էր ընդամենը 200, իսկ 1989-ին՝ 8-10 ընտանիք հայ: Գործում է Ս. Կիրակոս եկեղեցին:

Գ. Բադալյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am