ԴԵՅՎԻՍ Լեսլի Ամերտոն (1876-1960), ամերիկյան դիվանագետ: Մասնագիտությամբ իրավաբան: 1909-11-ին եղել է փաստաբան Նյու Յորքում: Դիվանագիտական ծառայությունը սկսել է 1912-ին, Բաթումում: 1913-ին ճամփորդել է Ուզբեկստանում և Կովկասում, սեպտեմբերի 7-ին բարձրացել է Արարատ լեռը: 1914-ի ապրիլին նշանակվել է ամերիկյան հյուպատոս Խարբերդում, ուր մնացել է մինչև 1917-ի ապրիլը: 1918-ի մայիսին նշանակվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռուսաստանում սպիտակգվարդիականների մոտ և մեկնել Արխանգելսկ, որտեղից ամերիկյան զորքերի մեկնումից հետո տեղափոխվել է Հելսինկի: 1941-ից՝ թոշակառու:

1915-16-ին Դեյվիսը եղել է հայերի զանգվածային սպանդի տեղավայրերում, արել լուսանկարներ և կազմել այն հայերի անունների ցանկը, ում տեսել է ողջ տեղահանման նախօրյակին: Հյուպատոսական իր տանը թաքցրել է շուրջ 80 հայ փախստականների:

Պետդեպարտամենտին և Կ. Պոլսում գտնվող ԱՄՆ-ի դեսպան Հ. Մորգենթաուին հղած բազմաթիվ զեկուցագրերում Դեյվիսը ընդգծել է, որ հայերի սպանություններն ու խոշտանգումներն առանձին պատահական դեպքեր չեն, այլ լայնածավալ, հետևողական, պետության կողմից իրականացվող քաղաքականություն: Պատրաստել է զեկուցագիր (132 էջ) 1915-17-ին Խարբերդում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Փարիզի կոնֆերանսին ներկայացնելու համար: Կցվել են նաև լուսանկարներ: Փաստաթուղթը հանձնվել է ԱՄՆ-ի պետքարտուղարին (պահվում էր Պետդեպարտամենտի, իսկ 1945-ից՝ ԱՄՆ-ի Ազգային արխիվներում, 1987-ի նոյեմբերին գաղտնազերծվել է և հրատարակվել 1989-ին՝ որոշ հավելումներով):

Գ. Մախմուրյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am