ԴԵՎԻՍՈՆ (Davison) Ռենդել, Քենտրբերիի արքեպիսկոպոս, անգլիկան եկեղեցու պետ: Եղել է լորդ Մեյորզի հայ փախստականների ֆոնդի փոխնախագահ, ակտիվորեն մասնակցել տեղահանված հայերին օգնություն կազմակերպելու գործին: 1913-ի դեկտեմբերին արտգործնախարար Է. Գրեյին գրել է Թուրքիայում հայ բնակչությանը սպառնացող վտանգի և կառավարության կողմից եղեռնը կանխելու միջոցառումների անհրաժեշտության մասին: Գտնում էր, որ 1915-ին Թուրքիայում հայ բնակչության նկատմամբ գործած հանցագործությունը իր նմանը չունի պատմության մեջ: Հայ ժողովրդին նյութական օգնություն կազմակերպելու համար 1916-ի փետրվարի 6-ին երկրի շատ եկեղեցիներում անցկացված «Հայկական կիրակի»-ի նախաձեռնողներից էր: 1919-ի դեկտեմբերին Լորդերի պալատում հանդես է եկել Հայկական հարցի նկատմամբ կառավարության քաղաքականության քննադատությամբ: 1922-ի հոկտեմբերին, Լոզանի կոնֆերանսի նախօրեին, նամակ է հղել Անգլիայի վարչապետին, որում դատապարտել է կառավարության բռնած դիրքը հայ ժողովրդի նկատմամբ, որին Մեծ Բրիտանիան բազմիցս խոստացել էր իր հովանավորությունը:

Ա. Կիրակոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am