ԴԵՐՋԱՆ, Տերջան, գավառ Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգում, Արևմտյան Եփրատի վերին հոսանքում, Էրզրումից արևմուտք և հարավ-արևմուտք: Վարչական կենտրոնը՝ Դերջան (թուրքերեն Մամախաթուն): Դերջանը համապատասխանում է Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դերջան գավառին:

XIX դ. սկզբին գավառի մոտ 33 հզ. հայերը բնակվում էին Մամախաթուն ավանում և 56 գյուղերում: Մինչև XIX դ. սկիզբը, արտագաղթերի, բռնի մահմեդականացման և թուրքական իշխանությունների ու նրանց հովանավորությունից օգտվող քրդական ցեղերի կազմակերպած զանգվածային կոտորածների հետևանքով Դերջանի հայ բնակչության թիվը կրճատվել է մոտ երեք անգամ՝ կազմելով շուրջ 12 հզ. մարդ: Գավառի համար հատկապես ծանր հետևանքներ են ունեցել 1895-ի ամռանն ու աշնանը համիդեական գնդերի և նրանց միացած մոլեռանդ մահմեդական ամբոխի ձեռնարկած զանգվածային կոտորածները: Մի քանի ամսում հայերը լքել են երկու տասնյակից ավելի գյուղ, շատ բնակավայրերում հաստատվել են քուրդ և թուրք վերաբնակիչներ: 1895-ի աշնանը Դերջանի հայկական գյուղերի մի մասի բնակչությանն էլ պարտադրվել է մահմեդականություն: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին արդեն Դերջանի հայկական գյուղերի թիվը չէր անցնում 30-ից:

1915-ի ապրիլի սկզբին Դերջանում սկսվել են առաջին ջարդերը, մայիսի 1-ից մինչև 17-ը ժամանակահատվածում Դերջանի բոլոր հայկական բնակավայրերի բնակիչները տեղահանվել են և տարվել Երզնկայի և Կամախի ուղղությամբ: Տարագրվածների մեծ մասը կոտորվել է Երզնկայի շրջակայքում և Կամախի կիրճում՝ Եփրատն անցնելու ժամանակ: Մայիս-հուլիս ամիսներին Դերջանի գավառում ոչնչացվել է նաև Էրզրումի և Բաբերդի գավառներից տեղահանված հայության մի մասը: 1916-ի փետրվար-մարտին Դերջանը գրավել են ռուսական զորքերը: Հայ կամավորների և հայկական կազմակերպությունների ջանքերով եղեռնից մազապուրծ եղած դերջանցիների մի մասը վերադարձել է հայրենի բնակավայրերը: 1918-ի փետրվարի 8-ին թուրքերը վերագրավել են Դերջանը: Հայերի վերջին բեկորները կամավորական ջոկատների հետ հեռացել են Անդրկովկաս: Կոտորածից վերապրած դերջանցիներից մոտ հազարն էլ ապաստան է գտել Ռումինիայում, Բուլղարիայում և մասամբ՝ ԱՄՆ-ում: Դերջանի Բագառիճ գյուղում է ծնվել ժողովրդական վրիժառու Ս. Թեհլերյանը:

Ա. Մելքոնյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am