Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Դեկրետ «Թուրքահայաստանի մասին»

ԴԵԿՐԵՏ «ԹՈՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ», ընդունել է ՌԽՖՍՀ ժողկոմխորհը 1917-ի դեկտեմբերի 29-ին (հրապարակվել է դեկտեմբերի 31-ին): Դեկրետի նախագիծ կազմելու համար 1917-ի նոյեմբերին ՌԽՖՍՀ ժողկոմխորհը կազմել էր հանձնաժողով, որի մեջ մտել էին Ի. Ստալինը (կոմունիստ), Պ. Պռոշյանը (ձախ էսէռ), Պ. Աքսելրոդը (մենշևիկ): Հետագայում Աքսելրոդի փոխարեն հանձնաժողովի մեջ մտավ դաշնակցական Ս. Զորյանը (Ռոստոմ): Հանձնաժողովի աշխատանքներին աջակցեցին Հայկական գործերի կոմիսարիատի գործիչներ Վ. Ավանեսովը. Վ. Տերյանը, Ա. Լուկաշինը և ուրիշներ: Հանձնաժողովը կազմեց ծրագիր, որի համաձայն Արևմտյան Հայաստանը պետք է դառնար անկախ պետություն, իսկ Արևելյան Հայաստանը մնար Ռուսաստանի կազմում՝ ներքին ինքնավարության իրավունքով: Այս ոգով կազմվեցին նաև Արևմտյան Հայաստանի մասին զեկուցագիրն ու նրա անկախության մասին դեկրետի նախագիծը: Զեկուցագրում նկարագրված էր թուրքական կառավարող շրջանների կողմից ծրագրված բնաջնջման ենթարկվող արևմտահայերի վիճակը: «Թուրքահայաստանի ճակատագրի հարցը,- ասվում էր զեկուցագրում,- եղել է հայ կյանքի ամենասուր, ամենածանր, ամենացավոտ հարցը: Արդեն շատ տասնյակ տարիներ, ոչ միայն հայ ինտելիգենցիայի, այլև բանվորական ու գյուղական դեմոկրատիայի ամենալայն մասսաների բոլոր մտքերն ու ամբողջ ուշադրությունը պինդ գամված են եղել հայկական կյանքի այդ «անիծյալ հարցին»: Զեկուցագրում բացահայտված էր Հայկական հարցի լուծման նշանակությունը հայ ժողովրդի համար, խստորեն քննադատվում էին իմպերիալիստական պետությունները, որոնք միջազգային ասպարեզ դուրս եկած Հայկական հարցը օգտագործում էին իրենց շահադիտական նպատակների համար: Զեկուցագրում բերվում էին հայ բնակչության բնաջնջման ընթացքը ցույց տվող անառարկելի թվական տվյալներ, դեռևս XVII դ. հայերը կազմում էին Արևմտյան Հայաստանի ամբողջ բնակչության 98%-ը, իսկ 1914-ին՝ միայն 42%-ը: Սակայն թուրքական կառավարողներին այդ վիճակը ևս չէր բավարարում: Երիտթուրքերի կառավարությունը իր պանթյուրքիստական ծրագրերը իրագործելու, Հայկական հարցից մեկընդմիշտ ազատվելու համար վճռեց ֆիզիկապես բնաջնջել հայերին և տիրանալ նրանց տարածքին:

Զեկուցագրի հետ ժողկոմխորհի քննարկմանը ներկայացվեց նաև «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախագիծը: Հանձնաժողովը դեկրետի հիմքում դրել էր հետևյալ կարևորագույն դրույթը. «Ռուսաստանի ... կառավարությունը պաշտպանում է Ռուսաստանի կողմից օկուպացված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն», միաժամանակ Ռուսաստանի բանվորական և գյուղացիական կառավարությունը ցույց կտա ամեն տեսակ աջակցություն, որպեսզի նախնական երաշխիքներ ստեղծվեն՝ հայ ժողովրդի իսկական և ազատ ինքնորոշումը հնարավոր դարձնելու համար»: Նախագծի հեղինակները Արևմտյան Հայաստանում հայկական պետության ստեղծման և պահպանման համար անհրաժեշտ էին համարում իրագործել հետևյալ միջոցառումները. ա. ձեռնամուխ լինել Ռուսաստանի սահմանները Փախած թուրքահայերին անհապաղ բնակեցնել իրենց մշտական բնակության վայրերում, բ. պահանջել, որպեսզի հայրենիք վերադառնալու հնարավորություն տրվի բոլոր այն հայերին, որոնք պատերազմի ժամանակ բռնի արտաքսվել են Հայաստանից, գ. հայրենիք վերադառնալու հնարավորություն ստեղծել նաև այն հայերի համար, որոնք հարկադրված գաղթել են Եվրոպայի և Ամերիկայի տարբեր երկրներ: Դեկրետի նախագծում միաժամանակ Թուրքահայաստանի գլխավոր կոմիսարին առաջարկվում էր թուրքահայերի ընտրովի ներկայացուցիչներից կազմակերպել խորհուրդ և նրա հետ ձեռնամուխ լինել գաղթականներին իրենց տեղերում վերաբնակեցնելուն: Անհրաժեշտ էր համարվում ամենակարճ ժամկետում նխապատրաստական միջոցառումների նախագիծ մշակել և ներկայացնել ժողկոմխորհի հաստատմանը: Վերոհիշյալ նպատակների համար հարկ եղած վարկերը պետք է դուրս գրվեին ռազմական ֆոնդի հաշվին: Վարկի չափը պետք է որոշեր թուրքահայերի խորհուրդը՝ Թուրքահայաստանի գլխավոր կոմիսարի հետ: Բոլոր այս խնդիրները և միջոցառումները կարող էին կենսագործվել, հայկական պետությունը կարող էր ստեղծվել և գոյատևել միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ քանակությամբ ռուսական զորքեր թողնվեին Արևմտյան Հայաստանում: Դեկրետի նախագծի այդ մասում ասվում էր, որ անհրաժեշտ քանակությամբ ռուսական զորքեր կթողնվեն Հայաստանի սահմաններում (նախկին Էրզրումի, Վանի ու Բիթլիսի սահմաններում) այնքան ժամանակ, մինչև որ սուվերեն հայ ժողովուրդը ֆիզիկական հնարավորություն կստանա ազատ համաժողովրդական քվեարկությամբ վճռել անկախ Հայաստանի ներքին կարգի հարցը, մինչև որ կկազմակերպվի հայ ժողովրդական միլիցիա՝ երկրի ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովելու համար: Դեկրետի նախագծի այս կետը չափազանց կարևոր նշանակություն ուներ: Նախ՝ անհրաժեշտ քանակով ռուսական զորք պետք է թողնվեր Արևմտյան Հայաստանի սահմաններում, մինչև հայկական ժողովրդական միլիցիայի ստեղծումը: Իսկ առանց այդ միջոցառման դեկրետը իրական նշանակություն չէր կարող ունենալ: Ապա կոնկրետ նշվում էր Արևմտյան Հայաստանի պետության տարածքը, որն ընդգրկում էր Էրզրումի, Վանի, Բիթլիսի նահանգները: Դեկրետի նախագիծը իրական երաշխիքներ էր պարունակում Արևմտյան Հայաստանում անկախ պետության ստեղծման և պահպանման համար:

«Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախագիծը ժողկոմխորհում քննարկվել է 1917-ի դեկտեմբերի 20, 23, 29-ին: Դեկտեմբերի 20 և 23-ին ժողկոմխորհը Ստալինի և Պռոշյանի միջև առաջացած տարաձայնությունների պատճառով որոշում չի ընդունել, և հարցը հետաձգվել  լրացուցիչ նախապատրաստական աշխատանքի համար: Դեկտեմբերի 29-ին ժողկոմխորհը որոշ փոփոխություններով ընդունել  դեկրետը: Գտնելով, որ Թուրքահայսատանի լիակատար անկախության կենսագործումը հնարավոր  միայն մի շարք նախնական երաշխիքների առկայության պայմաններում (որոնք բացարձակապես անհրաժեշտ են հայ ժողովրդի ազատ հանրաքվեի համար)՝ ժողկոմխորհը տարօրինակ կերպով դեկրետի նախագծի միջոցառումների իրականացման միակ հիմնական երաշխիքը ձևակերպել  հետևյալ կերպ. «Զորքերի դուրս բերումը «Թուրքահայաստանից» և հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպումը՝ «Թուրքահայաստանի» բնակիչների անձնական ու գույքային անվտանգությունը ապահովելու նպատակով»: Դեկրետից հանվել էր նաև նրանում նշված միջոցառումների իրականացման համար նախատեսվող վարկերի հարցը:

Դեկրետի իրականացման պարտականությունը դրվել է Կովկասի գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսար Ս. Շահումյանի վրա, որին սակայն այդ նպատակի իրականացման համար ոչ զինված ուժեր տրվեցին, ոչ էլ ֆինանսական միջոցներ: Հատկանշական է, որ դեկրետում ժողկոմխորհը խուսափեց նշել Թուրքահայաստանի պետության սահմանները: Ստեղծված իրավիճակում, երբ ռուսական զորքերը հեռացան ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Անդրկովկասից, իսկ թուրքական զորքերը 1918-ի հունվարի վերջին արշավեցին Անդրկովկաս՝ հիմնականում Արևելյան Հայաստանը գրավելու նպատակով, «Թուրքահայաստանի մասին» դեկրետը գործնական առումով դարձավ անարժեք: Դեկրետի նշանակութունը միայն այն էր, որ նրանով Խորհրդային Ռուսաստանի կառավաությունը ճանաչում էր հայ ժողովրդի պահանջատիրությունը, հայ ժողովրդի պատմական իրավունքները: Սակայն 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը, բացարձակապես չունենալով դրա իրավունքը, Արևմտյան Հայաստանը ճանաչեց Թուրքիայի բաղկացուցիչ մաս և դրանով իսկ փաստորեն հրաժարվեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետից:

Լ. Խուրշուդյան

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am