ԴԱՐԲԻՆՅԱՆ Ռուբեն (Չիլինկարյան Արտաշես Ստեփանի) (1883, Ախալքալաք-1968, Բոստոն), հասարակական, քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Թիֆլիսի երկրորդական ռուսական վարժարանը, սովորել Հայդելբերգի և Մյունխենի համալսարաններում, 1906-ին ավարտել է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Աշխատակցել է կովկասահայ մամուլինՄշակ», «Մուրճ») տպագրել գիտական, քաղաքական արվեստաբանական հոդվածներ: 1906-ից կատարել է կուսակցական աշխատանք: Ակտիվորեն մասնակցել է «Փոթորիկ» խմբի աշխատանքներին: 1906-ին մասնակցել է Էջմիածնում գումարված Ազգային ընդհանուր ժողովին: 1909-ին, խուսափելով ցարական իշխանությունների հետապնդումներից, հաստատվել է Կ. Պոլսում, աշխատակցել «Ազատամարտին»: 1913-ին գործել է Գերմանիայում (հետապնդումներից և ամբաստանություններից խուսափելու համար ձեռք է բերել անձնագիր՝ Դարբինյան Ռուբեն անունով և մինչև կյանքի վերջը կրել այդ անունը): Բեռլինում օգնել է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը: 1914-ից հետո աշխատել է Թիֆլիսում, Բաքվում (մինչև 1916-ը՝ «Արև» օրաթերթի խմբագիր): 1917-ից հրատարակել է «Գործ» ամսագիրը (Բաքու) 1917-ին՝ Հայոց ազգային խորհրդի քարտուղար, 1920-ին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար: Խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է, մինչև 1921-ի փետրվար մնացել բանտում: Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո (1921) անցել է Թեհրան, ապա՝ ԱՄՆ (Բոստոն), ուր խմբագրել է «Հայրենիք» օրաթերթը և ամսագիրը, գրել պատմագիտական կարևոր հոդվածներ «Ինչ պայմաններու մեջ ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը», 1953, «Ի՞նչ կարելի է սպասել Ստալինի հաջորդներից», 1953 ևն:

Ե. Գասպարյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am