ԴԱՐԲԻՆՅԱՆ Արտակ Հակոբի, Նորգեղցի Սախո (1878, Վան-1950, Փարիզ), ազգային-ազատագրական շարժման գործիչ, լրագրող, հրապարակախոս: Արմենական կազմակերպության անդամ: Ավարտեւ է Վանի Ս. Թարգմանչաց վարժարանը (1893), Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Եղել է ուսուցիչ Սալմաստում (Իրան): Հեղափոխական գործունեության համար ենթարկվել է ոստիկանության հետապնդումներին, քանիցս (1898, 1904) բանտարկվել: Գործել է ֆիդայիներ Սևքարեցի Սաքոյի, Վարդանի, Նիկոլ Դումանի հետ: 1905-ից՝ Վարագավանքի դպրոցի տեսուչ, 1915-ի Վանի հերոսական ինքնապաշտպանության մասնակից: Ռուսական զորքերի քաղաք մտնելուց հետո նշանակվել է նահանգային վարչության ընդհանուր քարտուղար: Ռուսական զորքերի և Վասպուրականի հայության նահանջից հետո անցել է Թիֆլիս, որտեղ վերահրատարակել է «Վան-Տոսպ» թերթը: 1919-20-ին՝ «Հայաստանի ձայն» (Երևան) թերթի խմբագիր: Խորհրդային իշխանություն հաստատվելու պահին Դարբինյանը Կ. Պոլսում էր, որտեղից խորհուրդ է տվել աջակցել Խորհրդային Հայաստանին, որդեգրել է «հայրենիքին հետ ե հայրենիքին համար» սկզբունքը: 1922-ին որպես ռամկավար ազատական և ՀՀԴ կուսակցությունների պատվիրակ եկել է Անդրկովկաս, Թիֆլիսում հանդիպել Ա. Մյասնիկյանի, Երևանում՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարների և Գևորգ Ե կաթողիկոսի հետ՝ արևմտահայերի իրավունքների պաշտպանության պահանջով, սակայն մերժվել է: Հաստատվել է Փարիզում: Հրատարակել է «Հայ ազատագրական շարժման » (հուշեր 1890-են- 1940) (1947) աշխատությունը:

Գ. Խուդինյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am