ԴԱՂԻՐ (Daghir) Ասադ Մուֆլահ (1886- 1958), արաբ հասարակական գործիչ, լրագրող: Աշխատակցել է եգիպտական «Ալ Ահրամ» թերթին, ղեկավարել դրա միջազգային բաժինը: 1944-ին, Արաբական երկրների լիգայի ստեղծումից հետո, դարձել է լիգայի գլխավոր քարտուղարության մամուլի գործերի պատասխանատուն: Պատմամշակութային բնույթի գրքերի հեղինակ է: «Արաբական ապստամբությունը» (1989) գրքում քննարկել է արաբա-թուրքական հակամարտության պատճառներն ու բնույթը, թուրքական լծի դեմ 1916-ի արաբական ապստամբության տարբեր խնդիրներ, ինչպես նաև Հայկական հարցը Արևելյան հարցի շրջանակներում: Վերլուծելով թուրքական կառավարության հակահայկական քաղաքականությունը՝ լուսաբանել է 1894-96-ի հայկական կոտորածները Սասունում, Մուշում, Կ. Պոլսում և այլուր, 1909-ի Ադանայի կոտորածները: Այդ քաղաքականության ներքին դրդապատճառները բացատրելիս Դաղիրը ելնում է Թուրքիայի մեծ վեզիր Սայիդ Հալիմի այն հայտարարությունից, թե Հայկական հարցն անհնար է լուծել առանց հայերին վերացնելու: Դաղիրը միաժամանակ մերկացնում է մեծ տերությունների երկդիմի քաղաքականությունն ու դիվանագիտական խաղերը Հայկական հարցում: Ըստ Ղաղիրիի, Հայկական հարցը առաջին աշխարհամարտի պատճառներից մեկն էր, իսկ պատերազմը Արևելյան հարցը և նրա բաղադրատարրերը վերջնականապես լուծեց ռասայական հիմքի վրա:

Ն. Հովհաննիսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am