Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Ցեղասպանության հանցագործությունը կանխելուև դրա համար պատժի մասինկոնվենցիա 1948 թ.

Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա 1948 թ., միջազգային իրավունքի տեսակետից ցեղասպանությունը բնորոշող, ինչպես նաև ցեղասպանությունը կանխող և դրա համար պատիժ սահմանող փաստաթուղթ. որն ընդունել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1948 թ. դեկտեմբերի 9-ին: Ուժի մեջ Է մտել 1951 թ. հունվարի 12-ին: Կոնվենցիայի մշակման ու ընդունման գործում էական դեր է խաղացել հրեական ծագում ունեցող, լեհ իրավագետ Ռաֆաել Լեմկինը, որը գերմանացիների պատերազմական հանցագործների Նյուրնբերգի դատավարության ժամանակ (1945-46 թթ.) ԱՄՆ-ի մեղադրողի խորհրդականն էր: Այդ դատավարությունը, որը բացահայտեց Եվրոպայում գերմանական զավթիչների կողմից հրեաների, սլավոնների, գնչուների և էթնիկ այլ խմբերի ցեղասպանության բազմաթիվ դեպքեր, դրդեց ընդունելու ցեղասպանության մասին կոնվենցիա և արագացրեց դրա մշակումը: Նյուրնբերգի դատավարության թարմ տպավորության տակ ընդունված Կոնվենցիան ցեղասպանությունը բնորոշում է՝ ելնելով այդ երևույթի էությունից ու նպատակներից և ոչ թե գործողությունների չափերից կամ զոհերի թվից: Կոնվենցիայի 2-րդ հոդվածը ցեղասպանություն է համարում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչընչացման մտադրությամբ: Այնուհետև հաջորդ հինգ կետերում թվարկվում են այդ գործողությունները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ. 1. խմբի անդամների սպանությունը, 2. նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում պատճառելը, 3. խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը, 4. խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները, 5. երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին: Օսմանյան կայսրությունում 1915-23 թթ. հայերի ցեղասպանության ժամանակ տեղի են ունեցել բոլոր հինգ կետերում նշված գործողությունները, իսկ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ կատարվածը, մասնավորապես՝ 1988 թ. փետրվարին Սումգայիթում և 1990 թ. հունվարին՝ Բաքվում, լիովին համապատասխանում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի առաջին երեք կետերում նշված գործողություններին: Կոնվենցիայի համաձայն, ցեղասպանության կամ նրա գործողություններից որևէ մեկի մեղավորները պետք է պատժվեն անկախ այն բանից, թե արդյո՞ք նրանք սահմանադրական կարգով ընտրված կառավարողներ հասարակական գործիչներ են, թե՞ մասնավոր անձինք, անկախ այն բանից, թե արդյո՞ք նրանք մասնակցել են ցեղասպանության գործողություններին անձամբ, եղել են հանցագործության մեղսակից, մասնակցել են ցեղասպանության նպատակներով կազմակերպված դավադրության, ցեղասպանության հրահրման կամ ցեղասպանություն կատարելու փորձի (3-րդ և 4-րդ հոդվածներ): Կոնվենցիան չի ընդունում ցեղասպանության համար պատժի դեպքում իրավաբանական վաղեմություն, պատիժը կարող են կայացնել ինչպես ազգային, այնպես էլ այդ նպատակով հատկապես ստեղծված միջազգային ատյանները: Այդ պատճառով Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են ընդունել անհրաժեշտ օրենսդրական ակտեր նրա դրույթների իրականացման համար, մասնավորապես իրենց քրեական օրենսդրություններում նախատեսելով ցեղասպանության գործողության համար պատժամիջոցներ (5-րդ և 6-րդ հոդվածներ):

8-րդ հոդվածի համաձայն՝ Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից կարող է դիմել ՄԱԿ-ի համապատասխան մարմնին, ՄԱԿ-ի դրույթներին համապատասխան, պահանջելով ձեռք առնել, նրա կարծիքով, բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցեղասպանության գործողությունները կանխելու և կասեցնելու համար:
 
Կոնվենցիայի մշակման ժամանակ ԽԱՀՄ (այժմ՝ լուծարված) ներկայացուցիչը պնդում էր ազգային-մշակութային եղեռնի արգելման վրա, այն է՝ թույլ չտալ այնպիսի միջոցառումներ ու գործողություններ, որոնք ուղղված են բնակչության որևէ խմբի ազգային լեզվի օգտագործման և ազգային մշակույթի ղեմ: Սակայն այղ առաջարկը մերժվեց և չմտավ Կոնվենցիայի մեջ: ԽԱՀՄ ներկայացուցիչը 1949 թ. ղեկտեմբերի 16-ին Կոնվենցիայի ստորագրման ժամանակ վերապահում կատարեց 9-րդ հողվածի վերաբերյալ. «Խորհրդային Միությունը իր համար պարտավորեցնող չի համարում 9-րդ հոդվածի այն դրույթները, որոնք նախատեսում են, որ ներկա Կոնվենցիայի պարզաբանման, կիրառման կամ կատարման հարցերի վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճերը կողմերից որևէ մեկի պահանջով հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը, և հայտարարում է, որ նման դեպքերում կվարվի այնպես, ինչպես և մինչև այժմ արել է, որ յուրաքանչյուր առանձին դեպքում կպահանջի վիճարկող բոլոր կողմերի համաձայնությունը»: Նման վերապահությունը ըստ էության ի չիք էր դարձնում 9-րդ հոդվածը:
 
ԽԱՀՄ մյուս վերապահությունը վերաբերում էր 12-րդ հոդվածին, որտեղ ասվում էր, որ «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ուզած ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով կարող է ներկա Կոնվենցիայի գործադրումը տարածել բոլոր այն տարածքների կամ դրանցից մի քանիսի վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար նա պատասխանատվություն է կրում»: Իր անհամաձայնությունը հայտնելով այդ հողվածին՝ ԽՍՀՄ-ը հաստատում էր, որ, իր կարծիքով. «Կոնվենցիայի բոլոր դրույթները պետք է տարածվեն ինքնակառավարումից զուրկ, ներառյալ խնամարկյալ տարածքների վրա»: Տվյալ վերապահությունը իր ուժը կորցրել է, քանի որ ներկայումս խնամարկյալ տարածքներ չեն մնացել: Այդ Կոնվենցիան ստորագրած ԽՍՀՄ-ը այդպես էլ իր օրենսդրության մեջ ցեղասպանության մասին հոդվածներ չունեցավ:

 
                                                                               Հ. Հակոբյան
 
Գրականության ցանկ
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 
 
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am