ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, գենոցիդ (հուն, genos-տոհմ, ցեղ և ատ. caedo - սպանում եմ), միջազգաին հանցագործություն, որը բնորոշող գործոններն են որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման գործողությունները: ՄԱԿ-ի 1948-ի դեկտեմբերի 9-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով բնորոշվող Ցեղասպանության գործողություններ մարդկության պատմության մեջ շատ են եղել՝ հնագույն ժամանակներից սկսված, հատկապես ավերիչ պատերազմների ու ամայացնող արշավանքների, էթնիկական ու կրոնական ներքին ընդհարումների, եվրոպական տերությունների կողմից գաղութատիրական կայսրությունների ստեղծման և աշխարհի բաժանման ու վերաբաժանման ժամանակ, ինչը հանգեցրել է երկու Համաշխարհային պատերազմների: Սակայն Ցեղասպանություն տերմինը աոաջին անգամ շրջանառության մեջ է մտցրել լեհ իրավաբան, ծագումով հրեա Ռաֆայել Լեմկինը XX դ. 30-ական թթ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստացել է միջազգային իրավական կարգավիճակ՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: Ռ. Լեմկինը, Ցեղասպանություն ասելով, հասկանում էր հայերի կոտորածը Թուրքիայում 1914-18-ի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (տե՛ս Մեծ եղեռն), ապա և հրեաների ոչնչացումը ֆաշիստական Գերմանիայում 1939-45-ի Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին և պատերազմի տարիներին՝ հիտլերականների կողմից գրավված երկրներում: XX դ. առաջին Ցեղասպանություն է համարվում 1,5 մլն հայերի ոչնչացումը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերում, որը կազմակերպել և ծրագրավորված իրականացրել են երիտթուրքական կառավարողները 1915-16-ին: Ցեղասպանություն էր նաև Արևելյան Հայաստանի հայ բնակչության զանգվածային սպանությունները, որ իրագործել են 1918-ին Անդրկովկաս ներխուժած թուրքական զորքերն ու 1920-ի սեպտեմբեր-դեկտեմբեր Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիա սանձազերծած քեմալականները, ինչպես նաև 1918-ին և 1920-ին Բաքվում և Շուշիում մուսավաթականների կազմակերպած հայ բնակչության ջարդերը: Թուրքական իշխանությունների պարբերաբար իրագործած կոտորածների հետևանքով XIX դ. վերջից սկսած հայերի Ցեղասպանության զոհերի թիվը անցնում է 2 մլն-ից: Ցեղասպանության գործողություններ են 1988թ.-ի փետրվարին հայերի զանգվածային սպանությունները, ջարդերն ու բռնաբարությունները, տեղահանությունները Սումգայիթում, 1989-ին՝ Կիրովաբադում ու Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև 1990-ի հունվարին՝ Բաքվում, որ իրականացրին ադրբեջանական ազգայնամոլները Ադրբեջանական ԽՍՀ պաշտոնական իշխանությունների և իրավապահ մարմինների թողտվությամբ: Այդ գործողությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948-ի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի երեք կետերին, ուստի և դրանց ոգեշնչողները, հրահրողներն ու կազմակերպիչները, այդ թվում՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատի պարագլուխները ենթակա են քրեական պատասխանատվության՝ որպես միջազգային հանցագործներ:Հայերի Ցեղասպանության փաստը տակավին պաշտոնական, միջազգային ճանաչում չի ստացել, թեպետ Եվրոխորհրդարանի 1987-ի հունիսի 18-ի հայկական բանաձևում Օսմանյան կայսրության հայ բնակչության 1915-1917-ի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը որակված են որպես Ցեղասպանություն (տե՛ս Եվրոպական խորհրդարանի բանաձևը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին հոդվածում): Թուրքիայում հայերի Ցեղասպանության ընդունումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանություն գործադրվել է Հայկական հարցը փակելու նպատակով: Հետևաբար Ցեղասպանության փաստի ընդունումից են բխում հայ ժողովրդի օրինական իրավունքի ճանաչումը իր կորցրած հայրենիքի նկատմամբ և հասցված վնասների հատուցումը:

     Հ.Հակոբյան

 

Գրականության ցանկ

 

«Հայկական Հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

Հակոբյան Հ.Վ, «Գենոցիդը մարդկության դեմ ծանրագույն ոճիր է», «Սովետական Հայաստան» ամսագիր, N4, 1979:

Сумгаит- геноцид или хулиганство!- В кн. Национальный вопрос и новое мышление, Е, 1989.

"Genocide as a Crime under International Law-, UN Bulletin 4:70-1 (Jan. 15, 1948).

The Armenian Genocide. News Accounts from American Press (191S-1922), Berkeley, 1984.

Le Crime de silence. Le gdnocide des Armenians, P., 1984.

 

                                                           

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am