«ԲՅՈՒԶԱՆԴԻՈՆ», օրաթերթ: Հրատարակվել է Կ.Պոլսում, 1896-1918-ին: Խմբագիրներ՝ Բ. Քեչյան, Պ. Քեչյան և Ա. Քեչյան, Ա. Ալպոյաճյան, Ա. Սանտալճյան: Ունեցել է չափավոր ուղղություն: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո գտնում էր, որ Հայկական հարցը կարելի է լուծել մեծ տերությունների աջակցությամբ Թուրքիայում բարեփոխումներ անցկացնելու միջոցով: Ադանայի կոտորածից (1909) հետո քննադատել է երիտթուրքերի ազգայնամոլությունը, ցույց տվել, որ թուրքական կառավարությունը շարունակում է համիդյան հակահայկական քաղաքականությունը: Մերկացրել է համաթյուրքականության (պանթյուրքիզմ) գաղափարախոսությունը և համաթյուրքական պետություն ստեղծելու զառանցական գաղափարը: «Բյուզանդիոն»-ի էջերում արտացոլվել են հայերի ցեղասպանության նախապատրաստության չարագուշակ նշանները: Թերթն անդրադարձել է նաև հույների հանդեպ կիրառվող հալածանքներին, թուրք-գերմանական մերձեցման մեջ տեսել վտանգ թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների համար: «Բյուզանդիոն» որևէ վերաբերմունք չի ունեցել ազգային կուսակցությունների նկատմամբ, խուսափել է ազգային շարժման հետ կապված հարցերից, առաջադրել է միայն հայերի կյանքի, գույքի և պատվի ապահովման պահանջներ:

Ա. Խառատյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am