ԲՈՒԼՂՈՒՐՃՅԱՆ Նելիդե (ծ. 1948), պատմաբան, պրոֆեսոր (Արգենտինա): Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի պատմության ֆակուլտետը (1973): Դասախոսել է տարբեր վարժարաններում և համալսարաններում: 1987-ից Պատմաբանների արգենտինյան ընկերության անդամ է: Զբաղվում է հայ ժողովրդի պատմությամբ (ժամանակակից շրջան), մասնավորապես՝ Արգենտինայի հայ գաղութի պատմությամբ: Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի նախաձեռնությամբ ղեկավարել է գիտաշխատողների մի խումբ, որն զբաղվել է Հայկական հարցի, հայերի ցեղասպանության (1890-1923) վերաբերյալ արգենտինյան մամուլի վկայությունների հավաքմամբ: Փաստաթղթերի ժողովածուի 1-ին հատորը, որն ընդգրկում է 1890-1900-ի ժամանակաշրջանը, լույս է տեսել 1988-ին, իսպաներեն. «Հայկական ցեղասպանությունը արգենտինյան մամուլում» խորագրով: Անդրադառնալով Հայկական հարցի տարբեր դրվագներին և լուսաբանելով քաղաքական իրադարձությունները՝ հաղորդումներում մերկացվում է Թուրքիայի ջարդարարական քաղաքականությունը, ցույց տրվում հայերի և Օսմանյան կայսրության մյուս (ոչ թուրք) ժողովուրդների կրած տառապանքները:

Վ. Մաթևոսյան (Արգենտինա)

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am