ԲՈՒԼԱՆԸԽ, Բուլանըկ. գավառակ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մշո գավառում, Արածանի (Մուրադ) գետի և նրա վտակներ Քոռսուի (պատմական Կորոձոր) ու Լիզի հովտում, ներառում է նաև Խաչլի (Խազան) քաղցրահամ լճակը: Բլեջան փոքրիկ լեռնաշղթայով բաժանվում էր 2 մասի՝ Վերին Բուլանըխ (արևելյան) և Ներքին Բուլանըխ (արևմտյան): Համապատասխանում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Հարք գավառին: Կենտրոնը՝ Կոփ (Կոպ) ավան:

Օսմանյան թուրքերի նվաճումը և քրական ցեղերի մուտքը խախտել են Բուլանըխի էթնիկական անաղարտությունը: Կրոնական և ազգային ճնշումը, միջցեղային ընդհարումները բազմաթիվ հայ ընտանիքների ստիպել են գաղթել: «Ղըշլաղային համակարգի» (իրենց հոտերով հայկական գյուղերում քոչվորների ձմեռելը) հետևանքով XIX դ. 1-ին քառորդին արդեն Բուլանըխի մի շարք բնակավայրեր վերջնականապես լքվել են: Այստեղ 1830-40-ական թթ. մշտապես հաստատվել են քրդեր (հատկապես Ներքին Բուլանըխում): 1870-ական թթ. վերջին - 1880-ական թթ. սկզբին թուրքական կառավարությունը, քաղաքական նկատառումներով, Բուլանըխի որոշ գյուղերում բնակեցրել է նաև հյուսիսկովկասյան լեռնականների՝ բարձրացնելով մահմեդականների տեսակարար կշիռը: Չնայած այս ամենին, Բուլանըխը Բիթլիսի նահանգի ամենահայաշատ գավառակներից էր: Վանի ռուսական փոխհյուպատոսարանի տվյալներով, 1880-ական թթ. կեսին հայերը կազմել են Բուլանըխի բնակչության 67 %-ը (ավելի քան 20 հզ. մարդ): Չնայած հետագայում, հատկապես 1895-96-ի հայկական կոտորածների ժամանակ, չընդհատվող բռնությունների պատճառով հայերի արտագաղթը շարունակվել է, սակայն ընդհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը նրանք կազմում էին բացարձակ մեծամասնություն: Մշո առաջնորդարանի տվյալներով, 1915-ին Բուլանըխի 27 գյուղերում ապրում էին 25267 հայեր (բնակչության ավելի քան 62 %-ը): Հայաշատ էին հատկապես Կոփ ավանը (4513 մարդ), Թեղուտ, Կարաղըլ, Համզաշեյխ, Յոնջալու, Շեյխ-Յաղուբ, Շիրվանշեյխ, Ոտնչոր, Քաքառլու (Վերին Բուլանըխ), Լիզ, Խոշգյալդի (Ներքին Բուլանըխ) գյուղերը:

1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Բուլանըխի հայերը ևս ենթարկվել են զանգվածային կոտորածների: Ներքին Բուլանըխի 12 գյուղերի 7000-ից ավելի հայերից փրկվել են ընդամենը 582-ը, հիմնականում՝ կանայք և երեխաներ: Բուլանըխի հայ բնակչությունը մեծ մասամբ փրկվել է՝ գաղթելով ռուսական բանակի գրաված Մանազկերտ, թեև այստեղ էլ որոշ գյուղերում եղել են կոտորածներ (Կարաղըլ, Համզաշեյխ և Շիրվանշեյխ գյուղերի 3777 հայերից փրկվել է հազիվ 1/3-ը): Փրկվածները գաղթել են Արևելյան Հայաստան: Ըստ թուրքական մարդահամարի, երբեմնի հայաշատ և խիտ բնակեցված Բուլանըխում 1927-ին ապրում էր ընդամենը 5297 մարդ:

Գ. Բադալյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am