ԲՐՅՈՒՍՈՎ Վալերի Յակովլևիչ (1873- 1924), ռուս գրող, գրականագետ, թարգմանիչ, պատմաբան: Ուսումնասիրել է հայոց լեզուն, Հայաստանի պատմությունն ու մշակույթը: 1916-ի հունվարին այցելել է Անդրկովկաս (Բաքու, Թիֆլիս, Երևան, Էջմիածին), հանդես եկել հայոց պատմության, պոեզիայի մասին դասախոսություններով, ականատես է եղել թուրքական բարբարոսությունների զոհ արևմտահայ գաղթականների ծանր վիճակին: 1916-ին Մոսկվայում լույս է տեսել Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան: Նախաբանում Բրյուսովը, վերլուծելով հայ պոեզիայի զարգացման ընթացքը, շեշտում է, որ Հայաստանի պատմությունը նրա կյանքի ճանաչման աղբյուրն է. «Անհրաժեշտ են համաշխարհային աղետներ, թուրքական կոտորածի անօրինակ սարսափներ կամ մի ողջ ազգի վայրի հալածանքը (ինչպես եղավ, օրինակ, ներկայիս մեծ պատերազմի սկզբին), որ մենք կրկին ուշադրություն դարձնենք «բազմաչարչար ժողովրդի» հետ կատարված աղետին: Մենք՝ ռուսներս, ինչպես նաև ողջ Եվրոպան, հիշում ենք հայերին միայն այն ժամանակ, երբ օգնության ձեռք է պետք՝ փրկելու նրան սուլթանի գազազած հորդաների բնաջնջումից: Մինչդեռ հայերը առավել մեծ իրավունք ունեն մեր և ողջ աշխարհի ուշադրությանը արժանանալու համար, դա այն բարձր մշակույթն է, որ հայ ժողովուրդը ստեղծել է իր ինքնուրույն գոյատևման բազում դարերի ընթացքում, և այն բացառիկ հարուստ գրականությունը, որը Հայաստանի ավանդն է մարդկության գանձարանին» ("Поэзия", 1916, էջ 10): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բացի Հայաստանին նվիրված գեղարվեստական ստեղծագործություններից, Բրյուսովը գրել է մի շարք հայագիտական գործեր՝ «Արարատյան թագավորություններ» (1916), «Էմիլ Վերհառնը Հայաստանի մասին» (1917), «Սֆինքսներ և վիշապներ» (1917), «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի տարեգրություն» (1918): Վերջին աշխատության մեջ (որն ընդգրկում է Ք.ծ.ա. VI դ. մինչև մեր օրերը) Բրյուսովը ներկայացնում է հայերի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 1915-ը: Նա անհրաժեշտություն էր համարում հայ մշակույթի ու պատմության իմացությունը ռուսական հասարակայնության համար, որը «ցանկանում էր գիտակցորեն մոտենալ ժամանակի իրադարձություններին»:

Բրյուսովը, շարադրելով Հայկական հարցի պատմությունը, անդրադառնալով XIX 90- ական թթ. Արևմտյան Հայաստանում հայերի կոտորածին ու սպանդին, խստիվ դատապարտել է թուրքական կառավարող շրջանների՝ հայերի բնաջնջման քաղաքականությունը: Բրյուսովը առաջիններից էր, որ հայերի ցեղասպանության փաստը աղավաղողներին տվել է հակահարված. «Ինչ էլ որ ասեն թուրքերի պաշտպանները, որքան էլ կսաչեն «պետական անհրաժեշտությունից», ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, ամբողջ գավառների դատարկումը, քաղաքների ու գյուղերի վտարված բնակչությանը սովամահության ենթարկելը և այլն: Եվ բնավ էլ ֆանտաստիկ չէ այն հաշվարկը, որ այս պատերազմի սկզբում թուրքական մարզերում մահապատիժներից, սպանություններից, սովից, հյուծախտից, հրդեհներից, գաղթի ճանապարհներին ու անապատներում զոհվել է ավելի քան մեկ միլիոն հայ (այլ աղբյուրները նշում են մինչև 2.000.000 մարդ)» ("Летопись...", 2 հրտ., 1940, Էջ 115):

«Էմիլ Վերհառնը Հայաստանի մասին» հոդվածում Բրյուսովը քննել է բելգիացի պոետի «Պատերազմի կարմիր թևերը» (1916) ժողովածուն, որտեղ դատապարտվում է իմպերիալիստական պատերազմը, խոսվում խոշտանգված Հայաստանի մասին, մերկացվում նաև Գերմանիայի քաղաքականությունը, որը Թուրքիայի իշխանությունների հետ կազմակերպել է հայերի ցեղասպանությունը: «Ինչպես դադարեցնել պատերազմը» (1917) գրքում Բրյուսովը, խոսելով հաշտություն կնքելու անհրաժեշտության մասին, գտնում է, որ քննարկման և արդար լուծման ենթակա առաջնահերթ հարցերից է Արևմտյան Հայաստանի ճակատագիրը, որը «զրկվել է հիմնական բնակչությունից»:

Ս. Զաքարյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am