ԲՐԻԱՆ (Briand) Արիստիդ (1862-1932), Ֆրանսիայի պետական գործիչ, դիվանագետ: Մասնագիտությամբ՝ փաստաբան: Քաղաքական գործունեությունը սկսելով 1880-ական թթ.՝ մտել է սոցիալիստական կուսակցության մեջ, սակայն հետո հեռացել է: Քանիցս եղել է վարչապետ (1909-11, 1913, 1915-17, 1921-1922 հունվար), արտաքին գործերի նախարար (1915-17, 1921-22, 1925-31): Աջակցել է Անտանտի ստեղծմանն ու ամրապնդմանը: 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքական իշխանություններն իրականացնում էին արևմտահայերի ցեղասպանությունը, Բրիանը հանդես է եկել հայ ժողովրդի «պաշտպանի» դերում, խոստացել բավարարել հայերի օրինական պահանջները և «ապահովել նրանց գոյությունը, առաջընթացը և խաղաղությունը»: Սակայն 1921-22-ին շատ ջանքեր է գործադրել՝ հասնելու Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի մերձեցմանը, ստորագրել է անջատ պայմանագիր և ֆրանսիական զորքերը դուրս բերել Կիլիկիայից, որի հետևանքով տեղի հայերը ստիպված լքել են իրենց հայրենիքը, նրանց հետ հեռացել են նաև հույն բնակիչները:

Ռ. Սահակյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am