ԲՈԼԴՈՒԻՆ-ԱՍՔՎԻՏԻ ԴԻՄՈՒՄ 1924, հայ գաղթականության տեղավորման մասին, փաստաթուղթ, որով 1924-ի սեպտեմբերի 26-ին Մեծ Բրիտանիայի նախկին պրեմիեր մինիստր Սթենլի Բոլդուինն ու լիբերալ կուսակցության ղեկավար Հերբերտ Ասքվիտը դիմել են Ո. Մաքդոնալդի կառավարությանը՝ հայ գաղթականության վիճակը բարելավելու և Հայկական հարցը վերջնականապես լուծելու համար: Առիթը եղել է Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի սեպտեմբերի 24-ի նամակը անգլիական կառավարությանը՝ իր աջակցությունը ցուցաբերելու պատերազմի հետևանքով Թուրքիայից արտաքսված հայերի տեղավորման գործին: Զեկուցագրում Բոլդուինն ու Ասքվիտը շարադրում են այն շարժառիթները, որոնք անգլիական կառավարությանը պարտավորեցնում են, ի թիվս մյուս դաշնակից պետությունների, նյութապես և բարոյապես աջակցել Ազգերի լիգայի Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած (1923-ի սեպտեմբեր) ծրագրին, որով նախատեսվում էր հայ գաղթականության տեղավորումը Կովկասում:

Այդ շարժառիթներն են.

1. պատերազմի ընթացքում հայերը աջակցել են դաշնակիցներին, ինչի համար նրանք տուժել են ողբերգականորեն: Այդ թեզը հիմնավորելու համար զեկուցագրի հեղինակները վկայակոչում են Ջ. Բրայսի 1918-ի հոկտեմբերի 3-ի նամակը անգլիական կառավարությանը, որտեղ նա պարզաբանում էր հայերի՝ Անտանտի երկրներին հարելու դրդապատճառները և դրան հետևած հայկական տեղահանության ու ջարդերի ծանր հետևանքները:

2. Դաշնակիցների և նրանց միացած մյուս երկրների պետական գործիչների բազմակի խոստումները՝ պաշտպանելու հայ ազգի ազատությունն ու անկախությունը: Վկայակոչում են Ասքվիտի, Լլոյդ Ջորջի, Վիլսոնի, Կլեմանսոյի հայտարարությունները ի պաշտպանություն հայերի, Սևրի պայմանագիրը, «հայկական ազգային օջախի» վերաբերյալ բանակցություններն ու դրանց ձախողումը Լոզանի կոնֆերանսում:

3. Անգլիական կառավարության պատասխանատվությունը հատկապես 1922-ի Զմյուռնիայի պարտությունից հետո, որը վերջնականապես ցաքուցրիվ արեց Օսմանյան կայսրության հայերին:

4. 1916-ին թուրքական կառավարության Բեռլին փոխադրած 5 մլն. ֆունտ ստեռլինգի (թուրքական ոսկով) առգրավումը դաշնակիցների կողմից, ինչը, նրանց կարծիքով, ամբողջովին պատկանում է հայերին:

5. Հայ փախստականների անկայուն ու հուսահատ վիճակը, որը պահանջում է Արևմտյան տերությունների անմիջական միջամտությունը: Նկարագրելով հայ գաղթականության ողբերգական վիճակը Մերձավոր ու Միջին Արևելքում, նաև մասամբ Հունաստանում ու Բուլղարիայում, և թուրքական կառավարության կտրուկ մերժումը՝ հետ ընդունելու նրանց զեկուցագրի հեղինակները գտնում են, որ ներկա իրավիճակում այլևս անհնար է կատարել հայերին տրված խոստումները, քանի որ դրանք կապված են քաղաքական և տարածքային հետգրավման դժվարությունների հետ: Ուստի միակ հնարավոր ելքը մնում է հայ գաղթականության տեղավորումը ռուսական Հայաստանում, որին համամիտ է նաև տեղական կառավարությունը: Ասքվիտի և Բոլդուինի կարծիքով, Մեծ Բրիտանիայի պարտքն է՝ ամեն կերպ աջակցել այդ ծրագրի իրականացմանը: Վերջում զեկուցագրի հեղինակներն ավելացնում են, որ այդ ծրագիրը որևէ քաղաքական ենթատեքստ չունի և ենթադրում է, որ դրանով վերջնականապես ավարտվում է դաշնակիցների պատասխանատվությունը հայերի հանդեպ:

Բայց, ինչպես ցույց տվեց ապագան, անգլիական կառավարությունը որևէ կոնկրետ քայլ չկատարեց հայ գաղթականության վիճակը Խորհրդային Հայաստանում թեթևացնելու ուղղությամբ: Ընդհակառակը, շուտով իրենք՝ Ասքվիտն ու Բոլդուինը, իշխանության գլուխ անցնելով, մատը մատին չխփեցին զեկուցագրում շարադրված ծրագիրը պաշտպանելու և գեթ հայերին պատկանող գումարները նրանց օրինական ժառանգորդներին վերադարձնելու համար:

Ջ. Թորոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

  

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am