ԲԼԻՍ (Blis) Էդվին Սանսել (1848, Էրզրում-1919), ամերիկյան միսիոներ, խմբագիր: Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Ռոբերտ քոլեջում, այնուհետև շարունակել Եյլում (ԱՍՆ): Որպես Աստվածաշնչի ամերիկյան ընկերության գործակալ 1886-88-ին շրջագայել է Թուրքիայում, Եգիպտոսում, Պարսկաստանում և Պաղեստինում: 1889-91-ին և 1904-ին խմբագրել է «Միսիոներական հանրագիտարանը» (ԱՄՆ), որի համար արժանացել է աստվածաբանության դոկտորի կոչման: 1907-ից մինչև կյանքի վերջը ծառայել է Մարդահամարի գրասենյակում (Վաշինգտոն): Մի շարք աշխատությունների Թուրքը Հայաստանում, Կրետեում և Հունաստանում», 1896, «Միսիոներության համառոտ պատմություն», 1897 ևն) հեղինակ է: Առավել հայտնի է «Թուրքիան և հայկական սարսափները» (1896) գիրքը, որը արևմտահայության 1894-96-ի ջարդերի յուրատեսակ ժամանակագրություն է, որտեղ նա մանրամասն նկարագրում է թուրքական իշխանությունների իրականացրած այդ սպանդի պատմությունը՝ եզրակացնելով, որ Օսմանյան կայսրությունում կազմակերպված այդ աոաջին զանգվածային կոտորածների նպատակն էր վերջ տալ տեղաբնիկ միակ քրիստոնյա փոքրամասնությանը, որն ի վիճակի էր վերահաստատել իր ինքնուրույնությունը: Բլիսը գտնում էր, որ այդ ջարդերը նախօրոք կազմված ծրագրի մի մասն էին, որոնք իրականացնում էր թուրքական կառավարությունը քրիստոնյա պետությունների համաձայնությամբ ու իր քրիստոնյա հպատակների արտոնությունները «պաշտպանելու» հանդիսավոր խոստումներով:

Ջ. Թորոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am