ԲԵՐԿՐԻ, Բերկրի-Աբաղա, Բարգիրի (այժմ՝ Մուրադիե), գավառակ Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի համանուն գավառում: Ընդգրկում էր Բերկրի (Առեստ, այժմ՝ Բենդիմահու) գետի հովիտը՝ տարածվելով Վանա լճի հյուսիս-արևելյան ափերից մինչև Վասպուրականի (Կոտուրի, արևելքում) և Օաղկանց (Ալադաղ,. հյուսիսում) լեռնաշղթաները: Կազմել է Մեծ Հայքի Վասպուրականի նահանգի Առբերանի գավառի մի մասը: Կենտրոնը՝ Բերկրի ավան:

Օսմանյան նվաճումը (XVI դ.), ավերիչ թուրք-պարսկական պատերազմները (XVI- XVII դդ.) խիստ ծանր հետևանքներ ունեցան Բերկրիի հայ բնակչության համար: Պարբերաբար կրկնվող կոտորածներն ու բռնագաղթը, օսմանյան սուլթանների կողմից Հյուսիսային Միջագետքի քրդական ցեղերի բնակեցումը զգալիորեն փոխեցին նրա էթնիկական դիմագիծը:

XVIII դ. վերջին Պարսկաստանից Բերկրի են թափանցել նորանոր քրդական ցեղեր, որոնց ճնշման տակ տեղի հայերն ու եկվոր եզդիները ստիպված գաղթել են հոծ զանգվածներով, որը բացասաբար է անդրադարձել տեղի ժողովրդագրական իրավիճակի վրա: XIX դ. վերջին-ХХ դ. սկզբին Աբաղան (Բերկրիի արևելքը) Վանի վիլայեթի ամենանոսր բնակեցված շրջաններից էր, ուր, տարբեր տվյալներով, կային 100-150 ավերակ գյուղեր: Հայերի թիվը զգալիորեն կրճատվեց նաև 1828-29-ի ռուս-թուրքական պատերազմից հետո սկսված գաղթի պատճառով: Գրեթե 10 անգամ կրճատվեց Բերկրի ավանի հայ բնակչությունը: Այս ամենով հանդերձ, 1870-80-ական թթ. հայերը Բերկրիի ամենամեծաթիվ էթնիկական տարրն էին: Անգամ կողմնակալ և թերի թուրքական վիճակագրության համաձայն, նրանք 1880-ական թթ. կազմում էին բնակչության 54 %-ը (ավելի քան 7000 անձ, ըստ որոշ հայկական աղբյուրների՝ 15- 16 հզ.): Հետագայում գավառակի հայերի թիվն ավելի կրճատվեց: Այսպես, թեև 1895-96-ին Աբաղայի որոշ քրդական բեկերի հովանավորությամբ կոտորածները Բերկրիում մեծ ծավալ չստացան, սակայն զգալի թվով հայեր ստիպված էին գաղթել Արևելյան Հայաստան: Խիստ տուժեցին հատկապես հարավ-արևմուտքի հայաշատ գյուղերը (Անձավ, Առեղ, Գյուղակ, Գործոթ, Պստիկգեղ, Քյաբաբիկ ևն): 1914- ին Բերկրիում ապրում էին 5-6 հզ. հայեր (մի մասը՝ վերաբնակիչներ Նորդուզից, Խոշաբից, Արճակից), որոնք 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, ենթարկվեցին բռնությունների և կոտորածի: Գերազանցապես բնաջնջվեց արական սեռը: Միայն Խաչան գյուղում կոտորվեց 210, Ղայմաղում՝ 160, Սընդում՝ 43, Պստիկգեղում՝ 155, Գործոթում (ինքնապաշտպանությունից հետո)՝ 320, Գյուզակում՝ 110 մարդ ևն: Սակավաթիվ փրկվածները, նոր զոհեր տալով, ստիպված էին ապաստանել Արևելյան Հայաստանում:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am