ԲԵԿԶԱԴՅԱՆ Ալեքսանդր Արտեմի (Հարությունի) (1879, Շուշի-1939), կուսակցական, պետական գործիչ: ՌՍԴԲԿ անդամ 1903-ից: Ավարտել Է Շուշիի ռեալական ուսումնարանը: Սովորել Է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում (1900-02), ավարտել է Ցյուրիխի համալսարանի հասարակական-քաղաքական ֆակուլտետը (1911): 1906-14-ին՝ վտարանդի Շվեյցարիայում, ակտիվորեն մասնակցել է ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպությունների աշխատանքներին, սերտ կապ պահպանել 2-րդ ինտերնացիոնալի գործիչների, Եվրոպայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների հետ, ձգտել պարզել նրանց վերաբերմունքը արևմտահայերի վիճակին, տեղյակ պահել Հայկական հարցի էությանը: Բեկզադյանի կարծիքով Ռուսաստանի անկեղծ ցանկության դեպքում հնարավոր կլիներ Ռուսաստանի հովանավորությամբ Արևմտյան Հայաստանի միացումը Արևելյան Հայաստանին, որին, սակայն, լրջորեն կդիմադրեն եվրոպական մեծ տերությունները: Բեկզադյանը եղել է Հայաստանը խորհրդային հռչակող Հեղկոմի անդամ, Հայաստանի առաջին խորհրդային կառավարության արտաքին գործերի ժողովրդական կոմիսար: 1920-ի դեկտեմբերին ե 1921-ի հունվարին Թուրքիայի կառավարությանը ուղարկել է նոտաներ՝ պահանջելով դադարեցնել թուրքերի գրաված հայկական տարածքներում հայ բնակչության նկատմամբ գազանությունները, առաջարկել սկսել բանակցություններ Կարսի մարզը և Ալեքսանդրապոլը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու համար: Սակայն 1921-ի փետրվար-մարտին Մոսկվայամ սկսված բանակցություններին թուրքական կողմի պահանջով արգելվեց հայկական պատվիրակությանը, Բեկզադյանի գլխավորությամբ, մասնակցել դրանց՝ պատճառաբանելով, որ Հայաստանում հակախորհրդային ապստամբություն է բռնկվել: Հետագա տարիներին Բեկզադյանը վարել է դիվանագիտական աշխատանքներ: Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել:

Հ. Կարապետյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am