ԲԱՅԱԶԵՏ (այժմ՝ Դողուբայազետ), քաղաք և գավառ Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգում: Կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառի մասը:

1555-ին Հայաստանի բաժանումով անցել է օսմանյան Թուրքիային: Սկզբում Պարսկաստանի, ապա՝ XIX դ-ից Ռուսաստանին սահմանակից այս գավառում ուժեղ բուֆերային իշխանություն ստեղծելու նպատակով սուլթանական կառավարությունը XV-XIX դդ. քրդական բազմաթիվ ցեղեր է բնակեցրել Բայազետում, որի հետևանքով XVIII դ. այն վերածվել է կիսանկախ փաշայության: Այնուամենայնիվ XIX դ. սկզբին Բայազետը ամենախիտ բնակեցված հայկական գավառներից էր (40 հայկական գյուղ՝ շուրջ 31 հզ. բնակչով), փաշայության չորս սանջակներում հաշվվում էր 187 հայկական գյուղ՝ 78 հզ. բնակչով: Սակայն, XIX դ. լինելով 1808-14-ի քրդական միջցեղային բախումների՝ 1821-23-ի թուրք-պարսկական, 1828-29- ի, 1853-56-ի, 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմների գլխավոր ռազմաբեմերից մեկը, տուժել է մեծապես, կրել ցեղասպանության բոլոր սարսափները: Տեղի հայության համար հատկապես աղետալի հետևանքներ են ունեցել 1877-ի ամռանը թուրքական զորքերի հարձակումները Բայազետի ուղղությամբ: Միայն շնորհիվ գեներալ Ա. Տեր-Ղուկասովի կազմակերպած հերոսական դիմադրության, այնուհետև հազարավոր գաղթականներով իրականացրած նահանջի, հաջողվել է բազմաթիվ բայազետցիների փրկել զանգվածային կոտորածներից: 1907-ի հունվար-փետրրվարին թուրքական զորքերը նոր կոտորածներ են կազմակերպել Արծափ գյուղում: 1909-ին բուն Բայազետի գավառակում, որը ներառում էր նախկին Բայազետ գավառի ամբողջ տարածքը, հայաբնակ էին միայն երեք գյուղեր՝ Արծափը, Քորունը և Մոսունը, որոնցում Բայազետ քաղաքի հետ հաշվվում էր ընդհամենը 2 հզ. հայ: 1913-ին Բայազետում գումարվել է պանթյուրքիստների գաղտնի ժողով՝ երիտթուրքերի և ադրբեջանական «մուսավաթ» կուսակցության պարագլուխների մասնակցությամբ, որտեղ ընդունվել է վերահաս պատերազմի ժամանակ համատեղ գործողությունների ծրագիր, որի հիմնական հարցը հայ ժողովրդի արևմտահայ և արևելահայ հատվածների ֆիզիկական ոչնչացման ճանապարհով, պանթյուրքիզմի դրոշի ներքո հնարավոր համատեղ պետություն ստեղծելու գաղափարն էր: 1914-ի հոկտեմբերին, ըստ Բայազետում Ռուսաստանի փոխհյուպատոս Գիրսի տեղեկությունների, իշխանությունները զինել են քրեական տարրերին, որոնց հալածանքներից խուսափելու համար շատ տեղացի հայեր բռնել են արտագաղթի ճանապարհը:

1914-ի նոյեմբերին ռուսական զորքերը գրավեցին Բայազետը, բայց շուտով հետ հանձնեցին թուրքերին, ինչի հետևանքով նոյեմբեր-դեկտեմբերին բազմաթիվ բայազետցիներ հեռացան Արևելյան Հայաստան: 1915-ի ապրիլին, օգտվելով ռուսական բանակի հարձակման կասեցումից, Բայազետի մահմեդական բնակչությունը սկսեց կոտորել հայերին: 1916-ին գեներալ Յուդենիչի հրամանով արգելվեց գաղթական հայերի վերադարձը իրենց բնակավայրերը, որոնցում արդեն հայտնվել էին առաջին ռուս և կազակ վերաբնակիչները: Միայն 1917-ի ամռանը արգելքը վերացվեց: 1918-ի գարնանը թուրքերը վերստին գրավեցին Բայազետը, և վերջին բայազետցի հայերը արտագաղթեցին Արարատյան դաշտ: Այժմ Բայազետ գերազանցապես քրդաբնակ է:

Ա. Մելքոնյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am