ԲԱՂԴԱԴԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ, Բոսֆորը Պարսից ծոցի հետ կապող երկաթուղի (մոտ 2400 կմ): XIX դ. վերջին և XX դ. սկզբին Օսմանյան կայսրության տարածքով անցնող երկաթուղու կառուցումը մրցակցության առարկա է դարձել մեծ տերությունների միջև: Ձգտելով ստանձնել Բաղդատի երկաթուղու շինարարությունն ու շահագործումը՝ Գերմանիան ցանկանում էր իր վերահսկողությունը սահմանել Օսմանյան կայսրության նկատմամբ և հարվածի տակ դնել անգլիական դիրքերը Հնդկաստանում ու Եգիպտոսում և ռուսական դիրքերը՝ Կովկասում ու Միջին Ասիայում: 1888-99-ին Գերմանիային հաջողվեց Թուրքիայից ստանալ Բաղդատի երկաթուղու հիմնական հատվածի կառուցման և շահագործման արտոնություն (կոնցեսիա), որը վերջնականապես ձևակերպվեց 1903-ին: Մյուս տերությունների դիմադրությունը հաղթահարելու նպատակով գերմանական դիվանագիտությունը փորձում էր փոխզիջմամբ համաձայնության գալ նրանցից յուրաքանչյուրի հետ: Ֆրանսիային և Անգլիային թույլատրվեց մասնակցել Բաղդատի երկաթուղու առանձին տեղամասերի շինարարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին երկաթգիծը հասել էր մինչև Ռաս ուլ Այն: Ամբողջ մայրուղու կառուցումն ավարտվել է 1934-41-ին՝ անգլական և ֆրանսիական մասնավոր ընկերությունների կողմից:

Գերմանական կառավարությունը Բաղդատի երկաթուղու հարցը կապում էր նաև Արևմտյան Հայաստանի նկատմամբ Գերմանիայի տնտեսական և ռազմաքաղաքական ծրագրերի հետ (տե՛ս Գերմանիան և Հայկական հարցը), գերմանացի հայտնի քաղաքագետ և դիվանագետ Պ. Ռորբախը Հայաստանը համարում էր բանալի Անատոլիային և Միջագետքին տիրելու համար: Արևմտյան Հայաստանում երկարատև տեսչական շրջագայությունից հետո նա եկել էր այն եզրակացության, որ Արևելյան և Հյուսիսային Անատոլիայում թուրքական միատարրություն ստեղծելու համար անհրաժեշտ է հայերին զանգվածաբար վերաբնակեցնել Բաղդատի երկաթուղու շինարարության տեղամասերում, որով կլուծվեր երկու կարևոր խնդիր, երկաթուղու կառուցումը կապահովվեր ձեռներեց ու գործունյա բանվոր, ուժով, և միաժամանակ կթուլանար ռուսական ազդեցությունը Արևմտյան Հայաստանում: Այս տեսակետը հետագայում հիմք ծառայեց երիտթուրքական կառավարության հայաջինջ քաղաքականության համար: Բաղդատի երկաթուղու առանձին տեղամասերի շինարարությանը մասնակցել են բազմաթիվ հայեր, որոնց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գլխովին ոչնչացրել են թուրք ջարդարարները:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am