ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ Գևորգ Զաքարի [1857, Սղնախ (Վրաստանում)-1925, Թիֆլիս], նկարիչ, գրող, հասարակական գործիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիրը: Ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում: Սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության գեղանկարչության և քանդակագործության Թիֆլիսի դպրոցում (1876-78) և Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1879-83): Իր արվեստում բազմիցս անդրադարձել է հայ ժողովրդի պատմության եղերական էջերին: «Սովը Հայաստանում». «Տաճկահայոց դրությունը» (երկուսն էլ՝ 1882), «Հրդեհ», «Հայկական գյուղի հրդեհումը» (1900-ական թթ. սկիզբ) կտավներում պատկերված են հայաբնակ ոստանների ավերումը թուրքերի կողմից: Հայ ժողովրդի գողգոթան է ներկայացված «Տաճկահայաստանում» և «Փախստականների ճանապարհը» (երկուսն էլ՝ 1915) կտավներում: Երիտթուրքերի կազմակերպած հայերի հրեշավոր սպանդին և հայրենիքի կորստյան թեմային Բաշինջաղյանը անրադարձել է նաև «Հայ ժողովրդի փախուստը էրզրումից» (1920) մեծադիր կտավում:

Բաշինջաղյանը հեղինակ է Թուրքիայից տարագրված հայության և հատկապես անտուն հայ մանուկների կյանքը ներկայացնող պատմվածքների:

Լ. Չուգասզյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

  

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am