ԲԱՍԵՆ, Բասեան, Բասեանք, գավառակ Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի համանուն գավառում, Արաքսի վերին հոսանքի համանուն դաշտում: Եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում:

XVI դ. սկզբին գրավել են օսմանյան թուրքերը և վերածել Էրզրումի էյալեթի Վերին Բասեն և Ստորին (Ներքին) Բասեն (թուրքական Բասենլար, այսինքն՝ Բասեններ) սանջակների: Բասենի հայությունը XVI-XX դդ. բազմիցս ենթարկվել է կոտորածների, բռնագաղթի ու բռնի մահմեդականացման: Օսմանյան կառավարությունը Բասենում բնակեցրել է թուրք ու քուրդ վերաբնակիչների: 1821-22-ին, թուրք-պարսկական բախումների ժամանակ, կազմակերպվել է Բասենից հայերի զանգվածային բռնագաղթ Իրան: Այնուամենայնիվ, XIX դ. 20-ական թթ. կեսին Վերին Բասենում հաշվվում էր 63 հայկական բնակավայր՝ ավելի քան 25 հզ. հայ բնակչությամբ, Ստորին Բասենում՝ 24 բնակավայր, շուրջ 10 հզ. հայ բնակչությամբ: 1829-30-ին, ռուս-թուրքական պատերազմից հետո, հազարավոր բասենցիներ հարկադրված արտագաղթեցին Շիրակ, Ախալքալաքի և Ախալցխայի գավառներ: 1853-56-ի և 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմների ընթացքում ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած Բասենի տասնյակ հայկական գյուղեր ավերվեցին, նրանց բնակիչների մի մասը հեռացավ Անդրկովկաս: Հայալքված բազմաթիվ բնակավայրերում հաստատվեցին հյուսիսկովկասյան լեռնականներ՝ չեչեններ, լեզգիներ, չերքեզներ: 1878-ին Ստորին Բասենի արևելյան հատվածը միացվեց Ռուսաստանին: «Համիդիե» ջոկատների մշտական հալածանքներից փրկվելու նպատակով 1890-ական թթ. մեծ թվով հայեր Բասենից նույնպես վերաբնակվեցին Արևելյան  Հայաստանում և Անդրկովկասի այլ շրջաններում:

1895-ի աշնանը Վերին Բասենի վարչական կենտրոն Հասանկալայում թուրք ջարդարարները կազմակերպեցին հայկական կոտորածներ, ավերեցին Ս. Աստվածածին եկեղեցին, ոմանց պարտագրեցին մահմեդականություն: Նույն ժամանակ ականավոր հայդուկ Հրայրը, տեղափոխվելով Բասեն, կազմակերպեց տեղի հայության ինքնապաշտպանությունը: Նրա ջանքերով հնարավոր դարձավ Բասենով զենք տեղափոխել Արևմտյան Հայաստան: Օսմանյան կառավարության վարած հակահայկական քաղաքականության հետևանքով Բասենում հայ բնակչության թիվը 100 տարում կրճատվեց մի քանի անգամ՝ XX դ. սկզբին կազմելով շուրջ 8-10 հզ. մարդ, հայկական գյուղերի թիվը նվազեց մինչև 57: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Բասենում վերստին ռազմական գործողությունների թատերաբեմ էր և քանիցս ձեռքից ձեռք անցնելու պատճառով կրեց մարդկային ու նյութական մեծ կորուստներ: 1914-ի նոյեմբերի 22-24-ին, ռուսական բանակի նահանջից հետո, առաջին բասենցիները արտագաղթեցին Սարիղամիշի ու Կարսի շրջանները: 1915-ի մայիս-հունիսին Վերին Բասենի շատ գյուղերից բռնագաղթվածները հասցվեցին Դերջան, Երզնկա և Կամախ, որտեղ կոտորվեցին թուրք ոստիկանների և քրդերի ձեռքով: 1915-16-ին բասենցիների մնացած մասը արտագաղթեց Ռուսական կայսրության սահմանները: 1917-ի ամռանը, ժամանակավորապես փոփոխված ռազմական իրադրության պայմաններում, բասենցիների մի մասը վերադարձավ իր հարազատ բնակավայրերը, սակայն ռազմաճակատի կազմալուծման պատճառով, 1918-ի մարտին նորից արտագաղթեց Արևելյան Հայաստան: Նրանց մի մասը զոհվեց սովից ու համաճարակից 1918-ի վերջին և 1919-ի սկզբին: Ստորին Բասենի այն մասը, որը մտնում էր Կարսի մարզի մեջ և 1919-ին անցավ Հայաստանի Հանրապետությանը, բնակեցվեց հայերով: Սակայն այն ևս թողեցին հայերը՝ 1920-ի աշնանը Թուրքիայի սանձազերծած նոր հարձակման հետևանքով:

Ա. Մելքոնյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am