ԲԱՐՎԱՐ, Բարվարի, Փերվարի, գավառակ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Սղերդի գավառում: Կազմում էր Բոհտան պատմաաշխարհագրական մարզի հյուսիսային ծայրագավառը՝ գրավելով Մոկս և Սարհալ գետերի ձորահովիտները: Կենտրոնն էր Խասխեյր (Խըսխեր) Այվանը:

Բարվարը XII-XIII դդ. ենթարկվել է Հյուսիսային Միջագետքի քրդական ցեղերի ներհոսքին, որն ավելի է ուժեղացել օսմանյան նվաճումից հետո (XVI դ. կես): Կարճ ժամանակամիջոցում ստեղծելով կիսանկախ մի իշխանություն՝ քրդերն աստիճանաբար դուրս են վանել բնիկ հայ տարրը, որի հետևանքով հիմնովին փոխվել է Բարվարի էթնիկական պատկերը: Արդեն XIX դ. 2-րդ կեսին այստեղ գերիշխում էր քուրդ բնակչությունը: Այսպես, Խասխեյր ավանի 150 տուն հայերից (XIX դ. 40-ական թթ.) 1880-ական թթ. մնացել էր 50-ը: Մասամբ կամ ամբողջովին հայազրկվել էին շատ ուրիշ գյուղեր (Արդվինա, Բեդար, Թանուր, Խարխուր, Կեփ, Հավելանց, Հարաթ, Շակամեր, Սանու, Սարո, Սարխանիս ևն): Այնուամենայնիվ, 1915-ին, Մեծ եղեռնի նախօրյակին, Բարվարի 2 տասնյակից ավելի գյուղերում ապրում էր ավելի քան 5000 հայ: Ոզմ (Ոզիմ, Օզում) զուտ հայաբնակ ավանը (շուրջ 300 տուն) լիովին անկախ էր շրջակա քուրդ բեկերից (ադիան ցեղից)՝ միշտ հակահարված տալով նրանց վայրագություններին: 1915-ին Բարվարի հայ բնակչությունը զանգվածաբար կոտորվեց: Գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց Ալկեֆ (Հըլկեֆ), Բեդար, Արջկանց, Դաշտըկ, Կոռիչ, Պերոզ և այլ գյուղերի բնակչությունը: Հիմնահատակ կործանվեց նաև Ոզմը, որի բնակիչները ֆիդայի Լաթոյի գլխավորությամբ ինքնապաշտպան մարտերով հիմնականում փրկվել էին՝նահանջելով Մոկս և Փեսանդաշտ (Հյուսիսային Շատախ), մասնակցել վերջինիս հերոսամարտին: Փրկված բարվարցիները հետագայում ստիպված էին գաղթել Արևելյան Հայաստան:

Գ. Բադալյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am