Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Բալմորալի բանակցություններ

ԲԱԼՄՈՐԱԼԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1896, անգլո-ռուսական բանակցություններ Մերձավոր Արևելքի իրադրության սրման և արևմտահայերի 1894-1896-ի կոտորածների կապակցությամբ, տեղի են ունեցել 1896-ի սեպտեմբերի 27-ին և 29-ին Բալմորալում (Շոտլանդիա, անգլիական Վիկտորիա թագուհու ամառային նստավայրում), Ոուսաստանի Նիկոլայ II ցարի ու արտգործնախարարության ժամանակավոր ղեկավար Ն. Շիշկինի և մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհու ու պրեմիեր մինիստր Ռ. Սոլսբերիի միջև: Քննարկվել են միջազգային քաղաքականության տարբեր հարցեր, կողմերը արտահայտվել են կայսրության ամբողջականության պահպանման օգտին:

Բանակցությունները ցույց տվեցին, որ չնայած Ոուսաստանը շահագրգռված չէր Օսմանյան կայսրության անդամահատվելուն, սակայն Բոսֆորի և Դարդանելի նեղուցները նրա համար չէին կորցրել իրենց նշանակությունը: Ցարը պնդում էր, որ նեղուցները դրվեն Ոուսաստանի հսկողության տակ: Բալմորալում կողմերից և ոչ մեկը անհանգստություն կամ կարեկցանք չհայտնեց Օսմանյան կայսրության հայ բնակչության կոտորածների առիթով: Նիկոլայ ll-ը նույնիսկ ծաղրեց անգլիական որոշ մարդասերների, որոնք պահանջում էին Ոուսաստանին իրավունք տալ գրավելու Արևմտյան Հայաստանը: Նա հայտարարեց, թե Հայաստանի ռուսական գրավումը «բավականին թանկ ձեռնարկ կլինի Ոուսաստանի համար, որը չի կարելի փոխհատուցել որևէ կերպ...» և չի օգնի ամբողջ Օսմանյան կայսրությունով մեկ ցրված հայերին: Անգլիական կառավարության ղեկավարը հայտարարեց, որ տերությունները միջոցներ պետք է ձեռնարկեն՝ կանխելու հնարավոր անկարգությունները Կ. Պոլսում, քանի որ դրանք սպառնում են տերությունների հպատակներին ու դեսպանությունների անձնակազմի անվտանգությանը:

Ս. Կիրակոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am