Բալկանյան պատերազմներ1912-1913թթ: 1-ին Բալկանյան պատերազմը (1912-իհոկտեմբերի 9 - 1913-իմայիսի 30) տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի (Բուլղարիա, Հունաստան, Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև  և ավարտվել է վերջինիս  պարտությամբ: Լոնդոնի պայմանագրով Թուրքիան կորցրել է իր բոլոր եվրոպական տիրույթները, բացառությամբ Ստամբուլի և Արևելյան Թրակիայի մի փոքրմասի: 2-րդ Բալկանյան  պատերազմը  (1913-իհունիսի 29 - օգոստոսի 10) տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից` Սերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան: Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ, որը Բուխարեստի պայմանագրով Ռումինային զիջեց Հարավային Դոբրուջան,   Թուրքային` Հարավային Մակեդոնիան  և Արևմտյան Թրակիայի մի մասը, Սերբիային` Հյուսիսային Մակեդոնիյան: Բալկանյան պատերազմները հանգեցրին միջազգային հակասությունների սրմանը Բալկաններում և Եվրոպայում, արագացրին 1-ին համաշխարհային պատերազմի սանձազերծումը:

Բուլղարական բանակի Մակեդոնա-Օդրինյան երկրապահ զորքերի կազմում 1-ին Բալկանյան պատերազմին մասնակցեց նաև հայկական կամավորական վաշտը (270 մարդ) պոդպորուչիկԳարեգին Նժդեհի և վոյեվոդա Անդրանիկի (Օզանյան) հրամանատարությամբ: Զորամասը մասնակցեց Մեսթանլիի, Ուզուն-Համիթլարի, Բալկան Թորեսի, Մերհամլի (որտեղ գերվեց թուրք զորահրամանատար Յավեր փաշան) մարտերին Մխրևտ և Շար-Քյոյ քաղաքների գրավմանը, պաշտպանեց Մարմարայի ծովափը (1912-ի դեկտեմբեր-1913-ի հունվար): Բուլղարական  կառավարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մարտական ծառայությունները, շատ ռազմիկներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների: Զորամասը լուծարքի ենթարկվեց 1913-ի մայիսի 28-ին:

Բալկանյան պատերազմները և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին Հայկական հարցի նորարծարծման համար, երբ հայ  հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուսական  կառավարության գործուն մասնակցությամբ,Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա (տե´ս Հայկական բարենորոգումներ 1912-1914

Ջ. Թորոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

Սյունի Արմեն. «Հայկական վաշտը Անդրանիկի առաջնորդությամբ 1912-1913—թթ.Բալկանյան պատերազմում», Բաքու, 1914:  

Սիմոնյան Հ., «Բալկանյան պատերազմները և հայերը 1912-1913թթ.», ԵՊՀ հրատ., Երևան, 2014: 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am