ԲԱԼՖՈՒՐ Արթուր Ջեյմս (1848-1930 թթ.), անգլիական պետական գործիչ: Եղել է Ռ. Սոլսբերիի անձնական քարտուղարը 1878 թ. Բեռլինի վեհաժողովում: Հետագա տարիներին վարել է նախարարական պաշտոններ մի շարք կառավարություններում, 1916-19 թթ.՝ արտաքին գործերի նախարար: 1915-20 թթ. բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, սակայն, լինելով իր կառավարության քաղաքականության կենսագործողը, ոչ մի գործնական քայլ չի կատարել հանուն Հայկական հարցի լուծման: Արևմտահայերի ծանր կացության փաստն օգտագործել է Մեծ Բրիտանիայի և դաշնակից տերությունների իմպերիալիստական քաղաքականությունը արդարացնելու նպատակով: 1917 թ. դեկտեմբերին համաձայնել է պատերազմում Թուրքիայի դեմ հայկական կամավորական ջոկատներն օգտագործելու առաջարկությանը, նրանց ֆինանսապես օժանդակելուն, իր կառավարության մյուս անդամների հետ այդ խնդրի շուրջ բանակցություններ վարել Պողոս Նուբարի հետ: Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին տալու առաջին առաջարկողներից էր: Մասնակցել է 1918 թ. Մուդրոսի զինադադարի պայմանների մշակմանը: Պայմանագրի կնքումից հետո հայտարարել է, որ հաշտության կոնֆերանսում կպայքարի Հայաստանի լրիվ անկախության համար: 1918 թ. նոյեմբերին Համայնքների պալատում Բալֆուրը պնդել է, որ հայերի ազատագրումը Մեծ Բրիտանիայի մերձավորարևելյան քաղաքականության կարևոր մասն է: 1920 թ. նոյեմբերին դիմել է Ազգերի լիգայի Գերագույն խորհրդին առաջարկությամբ, որ, իբրև Հայկական հարցի լուծման հնարավոր միջոց, Ազգերի լիգան ինքը վերցնի Հայաստանի մանդատը:

Ա. Կիրակոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am