ԲԱՂՐԱՄՅԱՆ Հովհաննես (Իվան) Քրիստափորի (Խաչատուրի) (1897, Ելիզավետպոլ-1982, Մոսկվա), ռազմական, հասարակական-քաղաքական գործիչ, Խորհրդային Միության մարշալ: Ավարտել է Թիֆլիսի երկաթուղային տեխնիկական ուսումնարանը: 1915-ին որպես կամավոր զինվորական ծառայության է անցել Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական էքսպեդիցիոն 2-րդ սահմանապահ գնդում, մարտնչել Արևմտյան Հայաստանի ազատագրության համար, օգնել հայ գաղթականներին: 1917-ին, ավարտելով պրապորշչիկների դպրոցը, նորից մեկնել է ռազմաճակատ, ծառայել Հայկական 3-րդ հրաձգային գնդում: 1918-ին Հայկական 1-ին հեծյալ գնդի կազմում մասնակցել է Քերմանշահի, Սարիղամիշի և Կարսի շրջաններում թուրքական զորքերի դեմ մղված կռիվներին: 1918-ի մայիսին մարտնչել է Սարդարապատում: Այնուհետև, որպես կադրային զինվորական, Բաղրամյանը ծառայել է Խորհրդային Միության զինված ուժերում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել է բանակներ, եղել ռազմաճակատի հրամանատար: Բաղրամյանը թողել է գրակական հարուստ ժառանգություն: Նրա ուշադրութան կենտրոնում են եղել հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմությունը, Հայկական հարցի հիմնախնդիրները: «Իմ հիշողությունները» գրքում դատապարտել է 1915-ին օսմանյան Թուրքիայի կառավարող շրջանների կազմակերպած հայերի ցեղասպանությունը, «Արևմտյան Հայաստանի ողբերգությունը» բաժնում վերլուծության ենթարկել ժամանակի ռազմաքաղաքական իրադարձությունները, արժանին մատուցել հայ ազգային-ազատագրական շարժման մարտիկներին՝ հայդուկներին, մանրամասն լուսաբանել Սարդարապատի հերոսամարտի ընթացքը և նշանակությունը:

 

Խ. Բարսեղյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am