ԲԱԲԵՐԴ, Բայբուրդ, քաղաք և գավառ Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի համանուն գավառի Սպեր գավառակում, Ճորոխի վերին հոսանքի ավազանում: Կազմել է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Սպեր գավառի մի մասը: XV դ. 70-ական թթ. գրավել է Օսմանյան Թուրքիան: XVI դ. մտցվել է Էրզրումի էյալեթի մեջ իբրև սանջակ: Թուրքական պաշտոնական աղբյուրների վկայությամբ, Բաբերդի գավառը մինչ նվաճումը գերազանցապես քրիստոնեաբնակ էր: XVI դ. կեսից սկսած հայերի բռնի մահմեդականացման, թուրքական ցեղերի ներհոսքի հետևանքով, ինչպես նաև հարկադիր արտագաղթի [մասնավորապես 1829-30-ին 1000 հայ ընտանիք, ռուսական զորքին օգնելու (որոնք 1829-ին գրավեցին Բաբերդը) համար հաշվեհարդարից խուսափելու նպատակով և համաձայն Ադրիանուպոլսի պայմանագրի, տեղափոխվեց Հայկական մարզ և Ախալցխայի գավառ] պատճառով մինչև XX դ. սկիզբը զգալիորեն փոխվեց Բաբերդի էթնիկ, պատկերը: XIX դ. սկզբին Բաբերդ քաղաքում և 66 հայկական գյուղերում բնակվում էր շուրջ 31 հզ. հայ: Թուրքական իշխանությունների վարած հայահալած քաղաքականության պայմաններում մինչև XX դ. սկիզբը հայկական գյուղերի թիվը, կրճատվեց մինչև 30-ի, բնակչությունը նվազեց մինչև 15-18 հզ. մարդ:1895-ի հոկտեմբերի 14-ին թուրքական խուժանը Բաբերդում իրականացրեց հայերի զանգվածային կոտորածներ: Որոշ տեղերում հայերը կազմակերպեցին ինքնապաշտպանություն: Թուրքական խուժանին օգնության հասան ոստիկանությունն ու կանոնավոր զորքը: Արյունահեղության ամբողջ մեղքը իշխանությունները բարդեցին հայերի վրա. Ոուսաստանից բերված զենքով Թուրքիայում հեղափոխություն նախապատրաստելու կեղծ մեղադրանքով ձերբակալեցին 200 հոգու: Կոտորածներին զոհ գնացին 500 հայեր Բաբերդ քաղաքից, նույնքան էլ գյուղերից, 200 ընտանիքներ հեռացան Տրապիզոն: Բաբերդ քաղաքում և Էրկի, Քարավերակ, Քսանթա, Վարզահան, Լուսհոնք և այլ գյուղերում թուրքական կանոնավոր զորքին ցույց տված հերոսական դիմադրության շնորհիվ հաջողվեց փրկել հազարավոր մարդկանց կյանք: XX դ. սկզբին Բաբերդում Կայծակ Առաքելի և վարզահանցի Սեպուհի ղեկավարությամբ ստեղծվեցին ֆիդայական ջոկատներ: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Բաբերդի ֆիդայիներից 400 մարդ մտավ հայկական կամավոր գնդերի, հետագայում ևս 150 մարդ՝ Անդրանիկի գնդի մեջ: 1914-ի դեկտեմբերի 5-ին չեթենների մի խումբ խուզարկություն անցկացրեց Լուսհոնք գյուղում, դասալքության կեղծ մեղադրանքով ձերբակալեց 16 երիտասարդների: 1915-ի մարտին բանտերից ագատ արձակված 500 քրեական հանցագործների ձեռքով կատարվեց Քսանթա, Քարավերակ, Խայեկ, Մալասա, Լուսհոնք գյուղերի թալանն ու ջարդը: Բաբերդի գրեթե բոլոր եկեղեցիները բռնագրավվեցին և վերածվեցին հիվանդանոցների ու մզկիթների, ձերբակալված բազմաթիվ մտավորականներ ու վաճառականներ կոտորվեցին բանտում: Մայիսի 26-ին Բաբերդ ժամանած թուրք և գերմանացի սպաների հրամանով մինչև 27-ի առավոտը ոստիկանությունն ու զորքը շրջապատեցին գավառի 29 հայկական գյուղեր: Ընդամենը մեկ ժամում իրականացվեց բռնագաղթը, որից զերծ մնացին թուրքական բանակի համար զորանոց կառուցող քսան վարպետների ընտանիքները միայն: Գյուղական բնակչությունը երկու կարավանով, հինգօրյա տանջալից երթից հետո հասցվեց Ղարաղուլաղ դաշտը, որտեղ առանձնացվեցին բոլոր երիտասարդներն ու պատանիները և Այ-Տողան լեռան ստորոտում, թուրք խուժանի մասնակցությամբ սրախողխող արվեցին: Անարգանքից խուսափելու համար տասնյակ հայուհիներ իրենց նետեցին վարարած Ճորոխը: Մնացածները սրի քաշվեցին Երզնկա-Կամախ- Խարբերդ բռնագաղթի ճանապարհին: Հունիսի 3-ին տեղահանվեց և մահվան նույն երթուղով քշվեց քաղաքի հայությունը: Թուրք ջարդարարները, առաջինը կարավանից առանձնացնելով 260 երիտասարդների, սպանեցին Սորտաններ կիրճում: Տեղի առաջնորդ Անանիա Հազարապետյանը կայմակամի հրամանով կախաղան բարձրացվեց: Քաղաքի տարագրվածների մեծ մասը սրի քաշվեց Դերջանի Կոտուր գյուղի մոտ և Երզնկայից ոչ հեռու՝ Կամախ-Բողազի կիրճում: Շատ կանայք իրենց երեխաների հետ նետվեցին Եփրատը: Թուրքական զորքերում ծառայող մի խումբ բաբերդցի երիտասարդներ, լսելով տեղահանության լուրը, լուսհոնքցի Մաղաքիա Արսլանյանի ղեկավարությամբ կարողացել են փախչել և, իրենց շուրջը համախմբելով 60 երիտասարդների, վեց ամիս Բաբերդի լեռներում արիաբար դիմադրել թուրք ջարդարարներին: 1915-ի օգոստոսին Խըրխզյաթաղի լեռան ստորոտին տեղի ունեցած երկօրյա կատաղի մարտերից հետո ճեղքել են պաշարման օղակը և դուրս եկել ռուսական զորքերի գրաված ծովափնյա շրջանը: 1917-ին Մ. Արսլանյանի ջոկատը միացել է Անդրանիկին: 1916-ի հունիսին ռուսական բանակը գրավել է Բաբերդը: Մազապուրծ եղած փոքրաթիվ բաբերդցիներից շատերը վերադարձել են իրենց բնակավայրերը: Նրանց մեծ օգնություն է ցույց տվել արտակարգ լիազորություններով Բաբերդի գավառապետ նշանակված Սեպուհը: 1918-ին ռուսական բանակը հեռացվեց Բաբերդից, թուրքական բանակի դեմ հանդիման մեն-մենակ մնաց միայն Սեպուհի 350 մարտիկից բաղկացած ջոկատը, որի ջանքերով հաջողվեց փրկել բաբերդցի գաղթականների վերջին փշրանքները (այդ թվում՝ 70 որբերի) և հասցնել Արևելյան Հայաստան:

Ա. Մելքոնյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am