ԲԱԲ, գյուղաքաղաք Օսմանյան կայսրության Հալեպի նահանգում, Հալեպից հյուսիս-արևելք: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Բաբում կուտակվել են Թուրքիայի տարբեր վայրերից բռնությամբ տեղահանված հազարավոր հայեր, որոնց համար ստեղծվել են գոյության անտանելի պայմաններ: Հալեպի գաղթականների տեսչության ղեկավար Ա. Նուրին 1916-ի հունվարի 20-ին Բաբի իր ենթակա հիմնարկի պաշտոնյային գրավոր կարգագրել է անմիջապես ապահովել Բաբում գտնվող հայ գաղթականների առաքումը Դեյր Էզ Զոր՝ երաշխավորելով, որ նրանց նկատմամբ կիրառվելիք անօրինություններն անպատիժ կմնան, և միաժամանակ դժգոհություն հայտնելով այնտեղ հայերի «հանգիստ կյանքից», շաբաթվա ընթացքում մահացածների անբավարար քանակությունից: Հալեպի դատախազությունը Բաբի դատախազին հեռագրով հրամայել է անապատներ քշել նույնիսկ հանցագործություն կատարելու մեղադրանքով բանտերում պահվող հայերին: Թուրքական իշխանությունները Բաբի հայերից 24 ժամում դատարկելու միտումով դիմել են ամենադաժան բարբարոսությունների: Հայերի ոչնչացումն արագացնելու համար Բաբ մեկնած Ա. Նուրիի անմիջական ղեկավարությամբ այրվել են նրանց վրանները, գնդակահարվել դանդաղողները: Մեկ օրում գաղթականների տեսչության հայասպաններից մեկը՝ Էյուբ Բեյը, 17,5 հզ. մերկ, սովահար, հիվանդ հայերի հետիոտն քշել է Բաբից: Ձմռան պայմաններում Բաբից մինչև Մեսքենե ճանապարհին զոհվել են հազարավոր հայեր:

Ս. Պողոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am