Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Ազգերի լիգան և Հայկական հարցը

ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ. Ազգերի լիգան միջազգային կազմակերպություն էր` ստեղծված Փարիզի խաղաղության կոնֆերանսի որոշմամբ, 1919-ին, ինչպես ասված էր այդ կազմակերպության կանոնադրության մեջ` խաղաղությունը պահպանելու և ժողովուրդների միջև համագործակցություն զարգացնելու նպատակով: Ազգերի լիգայի ղեկավար մարմինները գտնվում էին Ժնևում (Շվեյցարիա), որտեղ գումարվում էին նրա համաժողովները (ասամբլեա): Ազգերի լիգայում ղեկավար դեր էին խաղում Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան. ԱՄՆ-ը չմտավ այդ կազմակերպության մեջ, իսկ ԽՍՀՄ-ին թույլատրեցին անդամագրվել միայն 1934-ին: Լիգան գոյություն ունեցավ մինչև 1939-ը. սկսված երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում նա փաստորեն դադարեց գործել` անկարող լինելով կատարել իր հիմնական դերը` խաղաղության պահպանումը: Պաշտոնապես լուծարվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1946-ին: Ազգերի լիգան քանիցս անդրադարձել է Հայկական հարցին. այդ կազմակերպության անդամ դառնալու` Հայաստանի Հանրապետության դիմումի քննարկման, Հայաստանի նկատմամբ մանդատի հաստատման, 1920-ի թուրք-հայկական պատերազմի, Թուրքիայում, այսպես կոչված, «Հայկական ազգային օջախի» ստեղծման, հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու և այլնի կապակցությամբ:

Ազգերի լիգայի ասամբլեայի նիստ:Հայաստանի Հանրապետությունը Ազգերի լիգայի մեջ ընդունելու դիմունը հայկական կառավարությունը ներկայացրել էր 1920-ի մայիսին: Ձեռնարկելով այդ` նա ենթադրում էր, որ միջազգային հանրությունը կպարտավորվի պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը (որպես լիգայի անդամի)  Թուրքիայի ոտնձգություններից:  Դիմումը մի քանի ամիս քննարկելուց հետո մերժվեց. Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրակացրին, որ «ներկայումս ցանկալի չէ այդպիսի քայլը», քանի որ 1920-ի Սևրի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանը հռչակվում էր անկախ պետություն, դեռ վավերացված չէր: Բացի այդ, Վ. Վիլսոնի գծած Հայաստանի սահմանները այնքան ձգված էին, որ Ազգերի լիգայի անդամ պետությունները «ներկա պայմաններում դժվարությամբ կարող էին ստանձնել դրանք երաշխավորելու կամ պաշտպանելու պատասխանատվությունը» [«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, էջ 691]: Իրականում այդ մերժումը պայմանավորված էր նախ և առաջ Թուրքիայի շահերը պաշտպանելու` Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ձգտմամբ. Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը անհանգստացրել էր Ազգերի լիգայի առաջատար տերություններին, որոնք վախենում էին կորցնել իրենց ազդեցությունը Թուրքիայում: Հայստանի մանդատը ԱՄՆ-ին հանձնելու հարցը Ազգերի լիգայում դրվել է 1919-ին: Սակայն փոփոխված քաղաքական իրադրությունը (խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում), ինչպես նաև ԱՄՆ-ի կոնգրեսի բացասական դիրքորոշումը այդ հարցի նկատմամաբ նախագահ Վ. Վիլսոնին հարկադրեցին հրաժարվել մանդատը ստանձնելու մտքից (տես Հայաստանի մանդատ 1920): 1920-ի հոկտեմբերին, երբ քեմալական Թուրքիայի զորքերը ներխուժեցին Հայաստան և սպառնում էին նրա գոյությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դիմեց Ազգերի լիգային` օգնության խնդրանքով: Դիմումը քննարկելուց հետո, 1920-ի նոյեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խորհուրդը որոշեց դիմել Լիգայի անդամ պետություններին ու ԱՄՆ-ին` փորձելով պարզել, թե այդ երկրներից որևէ մեկը առանձին կամ ուրիշների հետ մեկտեղ, կհամաձայնի արդյոք միջոցներ ձեռնարկել երկու պետությունների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Նախագահ Վ. Վիլսոնը պատրաստակամություն հայտնեց միջնորդ լինել, պայմանով, որ մյուս տերությունները բարոյական և դիվանագիտական աջակցություն ցույց տան իրեն:  Բայց մինչ դեռ հարցը քննարկվում էր Ազգերի լիգայում, Հայաստանը պարտություն կրեց քեմալականների հետ պատերազմում և հարկադրված ստորագրեց 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, իսկ 1920-ի նոյեմբերին էլ հաստատվեց խորհրդային իշխանություն: Այդուհանդերձ, Ազգերի լիգան քննարկեց հարցը և դեկտ. 16-ին ընդունեց մի բանաձև, որով ԱՄՆ-ն պատրաստակամություն էր հայտնում ջանքեր գործադրել հայ ժողովրդին փրկելու և կայունությունը Հայաստանում ապահովելու համար, բանաձևը ընդունվում էր այն ժամանակ, երբ 

<<Նանսենյան անձնագիր>>Հայաստանի Հանրապետությունը արդեն գոյություն չուներ: Հայկական հարցը Ազգերի լիգայի փաստաթղթերում հիշատակվել է  «Հայկական ազգային օջախի» ստեղծման գաղափարի քննարկման ժամանակ: Թուրքիայի հյուսիսարևելյան շրջանում կամ Կիլիկիայի և Սիրիայի սահմանագծում հայերի համար այդպիսի «ազգային տուն» ստեղծելու գաղափարը տվել էր Մեծ Բրիտանիան, որին պաշտպանել էին եվրոպական մյուս պետությունները, երբ պարզվել էր, որ 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի` Հայաստանին վերաբերվող դրույթները չեն կատարվելու, իսկ Անտանտի տերությունները համաձայն են դրանց փոփոխմանը: Սակայն Թուրքիայի խիստ բացասական դիրքորոշումը Հայկական հարցում, որն ըստ էության շահախնդրորեն պաշտպանեցին նաև եվրոպական առաջատար տերությունները, հանգեցրեց նրան, որ այդպիսի «օջախ» ստեղծելու գաղափարը գործնական զարգացում չունեցավ: Հետագայում այդ տերմինը հիշատակվել է Ազգերի լիգայի փաստաթղթերում, բայց արդեն «օջախի» ստեղծումը նախատեսվում էր ոչ թե Թուրքիայում, այլ ՀԽՍՀ տարածքում: Ազգերի լիգայում բավական երկար քննարկվեց նաև աշխարհի շատ երկրներում ցրված գաղթական հայերին օգնություն կազմակերպելու հարցը: Այդ ուղղությամբ ջանքերը նույնպես քիչ արդյունք տվեցին: 1922-ին Ազգերի լիգան փախստականների քաղաքացիություն չունեցող անձանց համար մտցրեց, այսպես կոչված, «Նանսենյան անձնագրերը»` անձը հասատող ժամանակավոր վկայականներ, որոնցից ստացան մոտ 320 հազար գաղթական հայեր: 1925-ին Ազգերի լիգան քննության առավ Ֆ. Նանսենի զեկուցագիրը` Խորհրդային Հայաստան այցելության արդյունքների մասին (եկել էր իր գլխավորած հանձնախմբով` պարզելու Հայաստանի հնարավորությունները փախստականներին ընդունելու վերաբերյալ): Զեկուցման մեջ նշվում էր, որ անհրաժեշտ օգնության դեպքում Խորհրդային Հայաստանը ի վիճակի է ընդունել 25-30 հազար գաղթականների: Համոզվելով, որ Ազգերի լիգան ձգձգում է հարցի լուծումը, Նանսենը ձեռնամուխ եղավ սեփական ուժերով այդ մարդասիրական օգնությունը կազմակերպելուն: 1929-ին նա առաջարկեց դադարեցնել հարցի քննարկումը, և սեպտեմբերի 21-ին Լիգայի ասամբլեան հարցը օրակարգից հանեց:

 
 
Գրականության ցանկ
«Հայկական հարց»,Երևան,1996 թ.:
 
 

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am