«Ազգային ուխտ». ընդունել է օսմանյան խորհրդարանը, 1920-ի հունվարի 28-ին` քեմալականների ճնշմամբ: Ձևականորեն «Ազգային ուխտը» անվանվում էր «անկախության պայքարի ծրագիր», սակայն իրականում, արտացոլում էր քեմալական շարժման ազգային քաղաքականության հիմնական սկզբունքները: Դրանք մշակվել են 1919-ի սեպտեմբերին Սեբաստիայում (Սվազում) կայացած քեմալականների կոնգրեսում: Ազգային ծրագրի հիմքում ընկած էր «ազգային սահմանի» սկզբունքը, որը պահանջում էր Թուրքիայի տարածք ճանաչել այն բոլոր հողերը, որոնք Օսմանյան կայսրության կազմում էին Մուդրոսի զինադադարի (1918 թ.) կնքման պահին` առանց արաբական երկրների (մոտավորապես այժմյան Թուրքիայի տարածքը): «Ազգային ուխտը» ոտնահարում էր թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների` հույների, քրդերի, ասորիների և այլոց կենսական շահերը, սակայն ամենամեծ հարվածը հասցնում էր հայ ժողովրդին` բացառելով միացյալ և անկախ Հայաստանի ստեղծումը Փոքր Ասիայի արևելքում` հայ ժոզովրդի բնօրրանում: «Ազգային ուխտի» 2-րդ կետը, որը վերաբերում էր Կարսի, Արդահանի և Բաթումի շրջաններին, ուղղված էր այդ տարածքների նկատմամբ հայերի և վրացիների ունեցած անվիճելի իրավունքների դեմ: «Ազգային ուխտի» 5-րդ կետով ազգային փոքրամասնությունների ճանաչումն ու իրավունքների ապահովումն անմիջական կախման մեջ էր դնում հարևան երկրների մահմեդական բնակչության իրավունքների ճանաչումից: Այդպիսով քեմալականները շարունակում էին ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրենց նախորդների քաղաքականությունը:
Գրականության ցանկ
«Հայկական հարց», Երևան,1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am