ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 1860, արևմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնադրություն: Ընդունել է Ազգային Ժողովը մայիսի 24-ին, Կ. Պոլսում: Օսմանյան կայսրության Բարձր դուռը էական փոփոխություններով այն հաստատել է 1863-ի մարտի 17-ին «Հայոց ազգի կանոնադրություն» («Նիզամնամեի միլլեթի էրմանիան») անունով` հայերի հասարակական կյանքը ազգային-կրոնական հարցերով սահմանափակելու, նրանց ուշադրությունը համապետական նշանակություն ունեցող խնդիրներից շեղելու նպատակով: «Ազգային իշխանության» պատրանք ստեղծելով` Բարձր դուռը հույս ուներ հայկական հասարակական-քաղաքական շրջանակները մերձացնել թուրքական պետականությանը, բարձրացնել Օսմանյան կայսրության հեղինակությունն Եվրոպայում` իբրև «իրավական և ժողովրդավարական պետություն»: Աագային սահմնադրույունն ուներ 99 հոդված: Կ. Պոլսի հայոց պատրիարքը ճանաչվում էր «ազգի ղեկավար» և միջնորդ պետության ու հայ ժողովրդի միջև: Իբրև հիմնական սկզբունք նշվել է, որ հայ ազգի յուրաքնչյուր անդամ  պարտավորություններ ունի ազգի հանդեպ, իսկ ազգը` յուրաքանչյուր անդամի: Ազգի պարտականությունն է հոգալ ազգային կարիքները, պահպանել հայ եկեղեցու անաղարտությունն ու ավանդույթները, հնարավորություն տալ կրթություն ստանալ երկու սեռի երեխաներին, հայրական հոգատարություն ցուցաբերել կարիքավորների նկատմամբ և այլն: Հայերի ներքին գործերը վարելու համար ընտրվում էին` Ազգային Ժողով (օրենսդիր մարմին), Ազգային կենտրոնական վարչություն (գործադիր մարմին), Ազգային կրոնական ժողով (հոգևոր գործեր) և Քաղաքական ժողով (աշխարհիկ գործեր): Հիմնվում էին ուսումնական, տնտեսական, դատաստանական, վանքերի և թաղական խորհուրդներ, Ազգային գավառական վարչություն, տարբեր հոգաբարձություններ, սահմանվում երեսփոխանների ու պաշտոնյաների ընտրության կարգը, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Ազգային ընդհանուր ժողովի անդամների թիվը 140 էր (20 հոգևորական, 120 աշխարհական): Երեսփոխաններն ընտրվում էին 10 տարով, իսկ երկու տարին մեկ նրանց կազմը թարմացվում էր 1/5-ով: Ընտրելու իրավունք ունեին 25, ընտրվելու` 30 տարին բոլորած տղամարդիկ: Ընտրությունները կատարվելու էին փակ, գաղտնի քվեարկությամբ: Ազգային սահմանադրության գործողության ամենաբեղուն շրջանը 1870-1890-ական թթ. էին, երբ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության (1869-1873) օրոք, Ազգային ժողովը թուրքական կառավարությանն է ներկայացրել տեղեկություններ Արևմտյան Հայաստանի բնակչության թշվառ վիճակի մասին, որով, փաստորեն, առաջին անգամ արձանագրվել է Հայկական հարցի գոյությունը: Կ. Պոլսի պատրիարք Ն. Վարժապետյանը հայերի վատթար դրության մասին երկրորդ տեղեկանքն է տվել թուրքական կառավարությանը, իսկ 1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմից հետո նպաստել է Հայկական հարցի միջազգայնացմանը: Այդ ժամանակաշրջանում Կ. Պոլսի «սահմանադրական» մարմինները ներքին քաղաքական պայքարի պայմաններում (մերթ գերակշռում էին թուրքամետ, մերթ եվրոպամետ տրամադրությունները) նախապատրաստել և ներկայացրել են Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու ծրագիրը (արտահայտվել է Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և Բեռլինի կոնգրեսի ընդունած 61-րդ հոդվածում): 1869-ին Ազգային սահմանադրությունն արգելվել է Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով, 1908-ին, երիտթուրքական հեղաշրջումից հետո` վերականգնվել: Առաջին աշխարհամարտի (1914-1918) ժամանակ Կ. Պոլսի հայ ազգային մարմինների բազմաթիվ գործիչներ ու երեսփոխաններ դարձել էին ցեղասպանության զոհեր: Երիտթուրքական կառավարությունը Ազգային սահմանադրությունը վերացնելու համար 1916-ի օգոստոսի 10-ին ընդունել է օրենք` «Նոր կանոնադրություն Հայոց պատրիարքության վերաբերյալ»: Պատերազմից հետո պատրիարքությունը և «ազգային ժողովները» փորձել են Հայկական հարցը պաշտպանել հետպատերազմյան միջազգային կոնֆերանսում (Փարիզ, Սան Ռեմո, Լոնդոն, Լոզան): Ազգային սահմանադրության գործողությունը վերջնականապես դադարեցվել է հանրապետական Թուրքիայում, թեև նրա որոշ դրույթներ այժմ էլ գործածվում են` կանոնակարգելու Կ. Պոլսի հայոց պատրիարքության և Կ. Պոլսի հայ համայնքի հարաբերությունները պետության հետ: Ազգային սահմանադրության սկզբունքները հիմք են ծառայել տարբեր երկրներում ապրող հայերի ինքնավարության կանոնադրությունների մշակման համար:

 

Գրականության ցանկ 

«Հայկական հարց»,Երևան,1996 թ.:

Հարությունյան Բ., Ռուս-թուրքական պատերազմի կովկասյան ռազմաճակատը 1877-78 թթ., ՀՀԻ Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա, Երևան, 2004 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am