ԱԶԳԱՅԻՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ. միջոցառումներ  և գործողություններ որևէ ժողովրդի կամ ազգային խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է նրա ֆիզիկական բնաջնջման միջոցով, այլ նաև ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացման միջոցով: Սակայն ազգային մշակութային ցեղասպանություն հասկացությունը չի մտել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948-ի կոնվենցիայի բանգրի մեջ: Ի. Չառնին գրում է, որ մայրենի լեզվով խոսելն արգելելը ևս պետք է որակել որպես ցեղասպանություն (լինգվիցիդ): Հասարակագետ Ս. Թոտտենը (ԱՄՆ), խոսելով Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում հայերի ցեղասպանության մասին, նշում է նաև ցայսօր շարունակվող բարբարոսական վերաբերմունքը հայ մշակույթի հուշարձանների նկատմամբ: Անժխտելի փաստերը վկայում են, որ հայ բնակչության զանգվածային կոտորածների ու տեղահանության տարիներին երիտթուրքական կառավարությունը ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Ջարդարարները ղեկավարվել են Թալեաթի` Հալեպի տեղահանության գործերով կոմիտեին ուղղած հրահանգով. «...ամեն կերպ ջանալ ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Թուրքիայում» («Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. Փաստաթղթերի և նյութերի ժողովածու», 1991, էջ 562): Գիտակցելով եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում` նպատակամղված կոտորել են հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, եկեղեցական գույքը, ձեռագիր մատյանները: Դեռևս 1912-1913-ին Օսմանյան կայսրության ՆԳՆ հանձնարարությամբ Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը կազմել և կառավարությանն է ներկայացրել կայսրության տարածքում գտնվող հայկական եկեղեցիների և վանքերի լրիվ ցուցակը: Թուրք կառավարության այդ հետաքրքրությունն Առաջին աշխարհամարտի նախօրյակին որոշակի կապ ուներ հայերին կոտորելու ծրագրերի հետ: Ըստ պատրիարք Մաղաքյա Օրմանյանի տվյալներին, Արևմտյան Հայաստանի եկեղեցիների և վանքերի թիվը 1912-ին 2200 էր  (Օրմանյան Մ., Հայոց եկեղեցին, 1913, էջ 259-269): Դրանց մեծ մասը թալանվել, այրվել կամ ավերվել է եղեռնի ժամանակ: Ոչնչացումից զերծ չեն մնացել նաև հայկական ձեռագրերը: Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում ստեղծել է պատմության, գրականության, արվեստի, բանական գիտությունների վերաբերյալ տասնյակ  հազարավոր ձեռագիր մատյաններ, հոգևոր և աշխարհիկ բնույթի երկեր: Այդ ձեռագրերը ժամանակ առ ժամանակ ոչնչացրել են տարբեր նվաճողներ, սակայն 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին դրանց ոչնչացումը կատարվել է մտածված և ծրագրված ցեղասպանության միջոցով, հայ ժողովրդին կոտորելուն զուգընթաց պետք էր ոչնչացնել նաև նրա ստեղծած հոգևոր արժեքները: 1894-1896-ին և 1915-1923-ին ավերելով հայկական սրբավայրերն ու բնակավայրերը` թուրքերն  ու  քրդերը ոչնչացրել ու հրկիզել են այդտեղ պահվող հազարավոր ձեռագրեր ու գրքեր: Թեև ոչնչացված ձեռագիր մատյանների թվի մասին կան որոշ տվյալներ (Վասպուրականում` շուրջ 3000, Տարոնում` շուրջ 2000, Կեսարիայում և շրջակայքում` 700, Անկարայում և շրջակայքում` ավելի քան 300, Արմաշում` շուրջ 250, Սեբաստիայում և շրջակայքում` շուրջ 170 և այլն), այնուամենայնիվ եղեռնի ժամանակ ոչնչացրածների ստույգ թիվն անհայտ է, որովհետև 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին դեռևս չկար հայկական բոլոր ձեռագրերի համահավաք ցուցակը, որի հետ համեմատվեր փրկվածների թիվը: Հայ ձեռագրացուցակներ կազմվել են դեռևս 5-6-րդ դարերում, սակայն երկար ժամանակ հայկական պետականության բացակայության ներքո, Թուրքիայի, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանված լինելու պատճառով հնարավոր չի եղել ստեղծել համահավաք ձեռագրացուցակ: Չնայած դրան, հայ և օտարազգի ուսումնասիրողներ Գ. Սրվանձտյանը, Ղ. Փիրղալեմյանը, Հ. Ճանիկյանը, Ա. Միհրդատյանը, Հ. Տաշյանը, Գ. Հովսեփյանը, Գ. Տեր-Կարապետյանը, Բ. Կյուլեսերյանը, Հ. Թոփճյանը, Թ. Գուլակյանը, Ե. Լալայանը, Հ. Աճառյանը, Վ. Լանգլուան, Ֆ. Մյուլլերը և ուրիշները նկարագրել են Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գտնվող հազարավոր ձեռագրեր: Էջմիածնի միաբան Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը կազմել է 22.000 հայկական ձեռագրերի ցուցակը (պահվում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դիվանում): Մինչև ցեղասպանությունը մեծ թվով հայկական ձեռագրեր են պահվել Սսի, Ադանայի, Կ. Պոլսի, Եվդոկիայի, Խիզանի, Տարոնի, Կարինի, Սեբաստիայի, Մալաթիայի, Վասպուրականի և Արևմտյան Հայաստանի ու Օսմանյան կայսրության այլ վայրերի վանքերում ու եկեղեցիներում, անհատ մարդկանց մոտ: Կոտորածների և տեղահանության ժամանակ իրենց բնակավայրերից հեռացող հայերը հաճախ առաջին անհրաժեշտության իրերի փոխարեն իրենց հետ վերցրել են ձեռագիր մատյաններ` փրկելու համար մարդկային մտքի այդ արգասիքները: Շատ ձեռագրեր պահ են տրվել թաքստոցներին, սակայն թուրքերը, հայտնաբերելով, ոչնչացրել են:  Հրաշքով փրկված ձեռագրերի մի մասը որոշ թուրքեր վաճառել են Եվրոպայում, իսկ շատ ձեռագրերի ու գրքերի թերթերն ու էջերը Մուշի, Կարինի և այլ վայրերի շուկաներում գործածել են որպես փաթեթավորման թուղթ: Ոչնչացված ձեռագիր մատյանների մեջ եղել են Աստվածաշնչեր, սաղմոսներ, մաշտոցներ, ճաշոցներ, ժամագրքեր, պատարագամատույցներ, շարակնոցներ, հայսմավուրքներ, ճառընտիրներ, քարոզագրքեր, տոնացույցեր, օրացույցեր, կանոնագրքեր, վարքեր, հայ, հույն, ասորի, հրեա, հռոմեացի հեղինակների (Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ, Մովսես Կաղանկատվացի, Հովհաննես Դրասխանակերտցի, Թովմա Արծրունի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնցի, Վարդան Այգեկցի, Գրիգոր Տաթեվացի, Առաքել Սյունեցի, Թովմա Մեծոփեցի, Հակոբ Թոխաթեցի, Ստփանոս Լեհացի, Բարսեղ Կեսարցի, Գրիգոր Նազիանզացի, Հովհան Ոսկեբերան, Պրոկղ (Պրոկղես), Միքայել Ասորի, Նանա Ասորի, Կյուրեղ Երուսաղեմցի, Դիոնիսիոս Արեոպագացի, Եվագրոս, Հերոնիմոս, Կոռնելիոս Լատինացի, Թովմա Աքվինացի և այլք) հեղինակած պատմական, փիլիսոփայական, բնագիտական բնույթի գործերը, հայկական մանրանկարչության գլուխգործոցներ: 1894-1996-ին և 1915-1923-ին հայկական ձեռագրերի ոչնչացումը խոշոր հարված էր ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթին ու գիտությանը և անդառնալի կորուստ մարդկության համար: Այդպիսով, հայ ժողովդի հսկայական զանգվածներին կոտորելուց զատ, ոչնչացվեցին նաև հազարամյակների ընթացքում ստեղծված մշակույթ. արժեքներն ու հուշարձանները: Հայ գաղթականների անձնազոհության, մտավորականության ջանքերի շնորհիվ, այնուամենայնիվ, Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող ձեռագրերի մի մասը փրկվել է: Ոչնչացումից փրկված, ինչպես նաև հայկական այլ ձեռագրեր պահվում են Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, Էջմիածնի և Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսարաններում, Երուսաղեմի և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների մատենադարաններում, աշխարհի խոշորագույն գրադարաններում և թանգարաններում: Հայ ժողովրդի հանդեպ մշակութային եղեռնը շարունակվում է նաև ժամանակակից Թուրքիայում: Յուրացվում են հայերի հոգևոր և մշակութային արժեքները, ծրագրված ոչնչացվում ճարտարապետական հուշարձանները, խտրականության է ենթարկվում Կ. Պոլսի հայկական համայնքի դպրոցական կրթական համակարգը (արգելված է Հայաստանի պատմության, աշխարհագրության, հայ գրականության դասավանդումը): Հայոց պատմության և մշակույթի վրա թուրքերի հարձակումը հետապնդում է երկու նպատակ. ցույց տալ, որ Արևմտյան Հայաստանը չի եղել հայերի հայրենիքի մի մասը, և չի եղել հայերի ցեղասպանություն: Ժամանակակից թուրք պատմագիտությունը կեղծում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը` փորձելով «ապացուցել» հայերի եկվոր, Հայկական լեռնաշխարհում ոչ բնիկ լինելը, հայ պետական եկեղեցական և մշակութային գործիչների, այդ թվում` Տիգրան Բ Մեծի, Գրիգոր Լուսավորչի, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի թուրք ազգին պատկանելը, աշխատում է «հիմնավորել» դրույթներ այն մասին, որ Հայաստանը, այսպես կոչված, Արևելյան Անատոլիայում գտնվող մի տարածքի լոկ աշխարհագրական անունն է, որ հայկական մշակութային հուշարձանները ճիշտ չէ հայկական անվանել, որովհոտև դրանք իբր ստեղծել են թուրքերը: Միաժամանակ պրոպագանդվում է, որ հայ ճարտարապետների կառուցած քրիստոնեական և մահմեդական տաճարներն ու այլ շինությունները «հատուկ են միայն թուրքական հանճարներին, հայ երգարվեստի և կիրառական արվեստի բազմաթիվ նմուշներ վերագրվում են թուրքերին: Տարիներ շարունակ Հայաստան անունը հետևողականորեն ջնջվում է թուրքական քարտեզներից (1970-ական թթ.-ից նույն կերպ էին վարվում նաև նախկին ԽՍՀՄ-ում հրատարակվող Թուրքիայի շատ քարտեզներում). տեղեկատուներից ուղեցույցերից, անգամ թարգմանություններից: Իսկ երբ, այնուամենայնիվ, այդ անունը հայտնվում է տպագիր որևէ հայտարարությունում, բռնագրավվում է ամբողջ տպաքանակը, հեղինականերն ու հրատարակիչները ենթարկվում են պատասխանատվության: Թուրքական իշխանությունները բողոքում են արտասահմանյան այն ընկերությունների, հեղինակների կամ հրատարակիչների դեմ, որոնք ժամանակակից Թուրքիայի տարածքում իրավացիորեն նշում են կամ հիշատակում հայկական պետությունների, քաղաքների ու մայրաքաղաքների մասին, խոչնդոտներ են հարուցում Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի այլ շրջաններում հայկական մշակույթն ուսումնասիրողներին կամ արգելում ուսումնասիրություն կատարել: 1920-ական թթ. վերջից Թուրքիայում սկսվել է Արևմտյան Հայաստանի տեղանունները փոխելու ընթացքը, այդ նապատակով ստեղծվել է հատուկ վարչություն: Ըստ Զորյան հաստատության (ԱՄՆ) տվյալների, Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել է («Զարթոնք», 15 սեպտեմբեր 1983 թ.): Ժամանակակից Թուրքիայում շարունակվում է հայկական ճարտարապետական հուշարձանների ոչնչացումը: 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 էր: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնաց 913 կառույցներից 464-ը ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն: Հայկական ճարտարապետական հուշարձանների ծրագրած ոչնչացման հետևանքով երկրի երեսից ջնջվել են (քանդվել, թողնվել ջրի տակ, ոչնչացվել հրետանային զինավարժությունից) վաղ քրիստոնեական հայկական ճարտարապետության այնպիսի հայտնի հուշարձաններ, ինչպիսիք են Ագարակի Ստեփանոս Նախավկա (12-րդ դար), Ալամանի Ս. Անանիա (637) եկեղեցիները, Բագավանի Ս. Հովհաննեսի տաճարը (631-639), համաշխարհային նշանակություն ունեցող  Ս. Թեոդորոս եկեղեցին (Բագարան, 624-631), որի հորինվածքը դուրս է եկել Հայաստանից և 12-րդ դարում տարածվել Եվրոպայում (գիտական գրականության մեջ կա «Բագարանի տիպի հուշարձաններ» հասկացությունը), Շիրակավանի Ս. Փրկիչ եկեղեցին (890-914), համալիրային գլուխգործոց Խծկոնքի վանքի (9-11-րդ դարեր) հինգ եկեղեցիներից չորսը (Ս. Աստվածածին, Ս. Ստեփանոս, Ս. Լուսավորիչ, Ս. Կարապետ), գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող զարդանկարներով (աստվածաշնչյան թեմաներով) Հակոբավանքը (Վանի վիլայեթում), միջնադարյան Հայաստանի հոգևոր և լուսավորչական խոշոր կենտրոն Նարեկավանքը (10-րդ դար), Մուշի Ս. Կարապետ վանքը (7-17-րդ դարեր), Թունջելի վիլայեթում` Ս. Աստվածածին (10-րդ դար) և Ս. Հովհաննես-Կարապետ եկեղեցիները և այլն: Ծպնիի (այժմ`գ. Զիբինի, Կարսի վիլայեթում) եկեղեցին (7-րդ դար) վերածվել է մզկիթի, իսկ տասնյակ եկեղեցիներ` փարախների և գոմերի: Անի մայրաքաղաքում շինությունների ստորին քարերը հանվել են և օգտագործվել շրջակա գյուղերի տների կառուցման համար. դրա հետևանքով 1957-ին փլվել է Փրկիչ եկեղեցու (1036) կեսը, 1966-ին ամբողջովին քանդվել է 11-րդ դարում եզակի կառույց Հովվի եկեղեցին, իսկ Անիի մյուս շինությունները, այդ թվում` հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը` Մայր տաճարը (1001), ամբողջովին քանդվելու վտանգի տակ են: Հայերի ազգային-մշակութային եղեռն տեղի է ունենում 1918-ին Ադբեջանում, որի տարածքի զգալի մասը կազմված է Մեծ Հայքի Արցախ, Ուտիք և Փայտակարան, մասամբ` Սյունիք, Վասպուրակա նև Այրարատ նահանգների տարածքից: Ավելի քան յոթանասուն տարի ադրբեջանի կառավարությունը (նախկին ԽՍՀՄ կառավարության թողտվությամբ) վարել է հայահալած քաղաքականություն, որի հետանքով խորհրդային իշխանության տարիերին Ադրբեջանում փակվել են հայկ. բազմաթիվ դպրոցներ, Բաքվի հայկական թատրոնը և այլն: Նախիջևանի Հանրապետության հայկական մշակույթի կոթողները` բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր,  գերեզմանաքարեր (Ագուլիսում, Ջուղայում, Նախիջևանում, Օրդուբադում, Հանդամեջում, Տրունյաց ձորում և այլուր) ոչնչացվել ու ոչնչացվում են որոշակի ծրագրով ու նպատակով: Ադրբեջանում   (ինչպես և Թուրքիայում)  հայ մշակույթի ոչնչացումը կատարվում է երկու ձևով. հուշարձանների ոչնչացմամբ և հայ մշակույթային գործիչների ու արժեքների յուրացմամբ:Ադրբեջանցի «մասնագետները» հայ որոշ գիտնականների, մշակույթի գործիչների համարում են աղվանցի գործիչներ, հայկական եկեղեցիներն ու միայն հայ մշակույթին հատուկ խաչքարերը` աղվանական մշակույթի նմուշներ, իսկ ադրբեջանցիներին` աղվանների հետնորդներ, հետևաբար, ըստ նրանց,այդ ամենը ադրբեջանական են: Բացի դրանից, Ադրբեջանում հարատարակվում են հակագիտական քարտեզներ, որտեղ Ադրբեջանի «տարածք» են համարվում ՀՀ-ի արլևելյան և հարավ-արևելյան տարածքները: Հայ բնակչության և հայկական մշակույթի կոթողների ոչնչացման ընթացքն Ադրբեջանում ուժեղացավ 1988-ից, երբ Ղարաբաղի հայ բնակչությունը, իրագործելով ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունը, որոշեց վերամիավորվել ՀՀ-ի հետ:Թուրքիայում և Ադրբեջանում հայերի ազգային-մշակութային եղեռնի նպատակն է հայ ժողովրդի ստվար զանգվածներին կոտորելուն, հայկական տարածքները յուրացնելուն զուգընթաց` վերացնել և յուրացնել հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքները, հայկական քաղաքականության գոյության նյութական արտահայտությունները, որպեսզի չմնան «անհետացած» ժողովրդի վկաները: Հայկական մշակույթի պահպանության խնդիրն ունի կարևոր նշանակություն համաշխարհային մշակույթի համար: 1897-ի հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի բանաձևի 6-րդ կետում ասված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի հայ ժողովրդի յուրօրինակությանը, Թուրքիայում ապրող հայերի լեզվին, կրոնին, մշակույթին, կրթական համակարգին: Միաժամանակ, Եվրոխորհրդարանը պահանջում է պատշաճ վերաբերմունք այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների նկատմամաբ: ԽՍՀՄ, Թուրքիայի և Իրանի (այստեղ, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, կարևոր ուշադրություն է դարձվում հայկական մշակույթի հուշարձաններին) տարածքում հայկական մշակույթի հուշարձանների պահպանության խնդիրներին էր նվիրված 1990թ.-ի ապրիլին Ստրասբուրգում (Ֆրանսիա) տեղի ունեցած «Հայ ճարտարապետական ժառանգության պաշտպանությունը» թեմայով միջազգային գիտաժողովը: Ընդունվեցին բանաձևեր (միաժամանակ դիմելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԽՍՀՄ և Թուրքիայի կառավարություններին)` «Հայկական հուշարձանների փրկության մասին»«Անիի հուշարձանների մասին» և 1988թ.-ի երկրաշարժից ավերված հուշարձանների մասին:

 

Գրականության ցանկ 

«Հայկական հարց»,Երևան,1996 թ.:        

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am