Ազգային բյուրո. Թիֆլիսի ազգային կենտրոնական բյուրո, կազմվել է 1912-ի հոկտեմբերին, լուծարվել է 1917-ի հոկտեմբերին: Ստեղծվել է Ռուսական կայսրության հայաշատ վայրերի ներկայացուցիչների համագումար-խորհրդակցությունում (1-ին համագումարը` 1912-ի հոկտեմբեր-նոյեմբեր): Մասնակցել են Թիֆլիսի, Երևանի, Բաքվի, Ախալցխայի, Նոր Նախիջևանի, Արմավիրի, Բաթումի և հայաշատ այլ վայրերի պատգամավորներ: Համագումարի նպատակն էր օգտվել 1912-1913-ի Բալկանյան պատերազմների հետևանքով ստեղծված բարենպաստ իրադրությունից և հասնել Հայկական հարցի լուծմանը: Ընտրվել է 7 հոգուց կազմված ժամանակավոր բյուրո (Ս. Հարությունյան, Ա. Խատիսյան, Ա. Քալանթար, Հ. Առաքելյան, Ա. Պողոսյան, Հ. Թումանյան, Ն. Աղբալյան), որը վարելու էր ընթացիկ գործերը և նախապատրաստելու էր նոր համագումարի հրավիրումը: 2-րդ համագումարը տեղի է ունեցել 1912-ի նոյեմբերի 25-ին, Թիֆլիսում: Համագումարում Ազգային բյուրոյի կազմը ընդլայնվել է (Լեռ, Խ. Աֆրիկյան, Հ. Արղության, Ա. Աբելյան, Ա. Սահակայն և ուրիշները): Այսպիսով Ազգային բյուրոյում ներկայացված էին գրեթե բոլոր ազգային կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները: Համագումարը որոշեց աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսին` Հայկական հարցի վերաբացման համար նրա գործունեության ասպարեզում, հաստատել Կ. Պոլսի պատրիարքարանի, Էջմիածնի, Փարիզի և Ս. Պետերբուրգի հայ հոգևոր և քաղաքացիական մարմինների հետ, պրոպագանդել Հայկական հարցը Ռուսաստանի հասարակական և կառավարող շրջաններում: Եվրոպական տերությունների մոտ Հայկական հարցը վերստին բարձրացնելու նպատակով ստեղծված ազգային պատվիրակության ղեկավար Ազգային բյուրոյում նշանակել է Պողոս Նուբար փաշային:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ազգային բյուրոն ցարական կառավարության հավանությամբ կազմակերպել է հայկական կամավորական գնդեր, զբաղվել արևմտահայ գաղթականներին տեղավորելու և նրանց պարենով ապահովելու հարցերով: Առավել ակտիվ ու գործնական մասնակցության շնորհիվ Ազգային բյուրոյում առաջատար դիրք է գրավել Դաշնակցություն կուսակցությունը, որի դեմ ձևավորվել է ազգային մյուս կուսակցությունների յուրահատուկ ընդդիմություն: Ընդդիմությունը գլխավորել են «Մշակի» շուրջ համախմբված գործիչները, հետագայի հայ ժողովրդական կուսակցության հիմնադիրները: Հայ քաղաքական կուսակցությունների խորհրդակցությունը (Թիֆլիս, 1916-ի մարտ) միաձայն որոշել է «վերացնել կուսակցության բնույթ ունեցող Ազգային բյուրոն և հիմնել համաձայնության կոմիտե», մարտի 20-ին առաջարկը ներկայացվել է դաշնակցությանը, սակայն` մերժվել է:
Փետրվարյան հեղափոխությունից (1917 թ.) հետո Հայ հոսանքների խորհրդակցությունը (Թիֆլիս, 1917-ի մարտ-հունիս) անհրաժեշտ է համարել անհապաղ ստեղծել մի ժամանակավոր մարմին, որը կղեկավարեր ազգային գործերը, անհրաժեշտության դեպքում հանդես կգար իբրև հայ ժողովրդի ձգտումների արտահայտիչ: Նպատակահարմար է դիտել նման մարմին ստեղծել Ազգային բյուրոյին կից` նրանում առաջնություն չտալով ոչ մի կուսակցության ու հոսանքի: Հայ բոլշևիկները մերժել են Ազգային բյուրոն և անհիմն մեղադրանքներով հանդես եկել նրա հասցեին:
Հայ ազգային խորհրդի ստեղծումից հետո (1917-ի հոկտեմբեր) Ազգային բյուրոն դադարել է գործել:
Գրականության ցանկ
«Հայկական հարց», Երևան,1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am