Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Ազատություն և համաձայնություն

«Ազատություն և համաձայնություն» (թուրքերեն՝ Hürriyet ve İtilaf Fırkası, Իթիլաֆ, թուրքական քաղաքական կուսակցություն (իթիլաֆականներ): Ստեղծվել է 1911-ին՝ 1908-ի սահմանադրության հռչակումից հետո առաջացած ընդդիմադիր մանր կուսակցությունների և խմբավորումների հիմքի վրա: Այդ կուսակցությանը միացել են ազգային փոքրամասնությունների համարյա բոլոր քաղաքական կազմակերպությունները: Նրանց աջակցությունը ստանալու և նրանց հետ դաշինք պահպանելու նպատակով «Ազատություն և համաձայնությունը» իր ծրագրում ներառել է ազգային մարզերի ինքնավարության և Օսմանյան կայսրության վարչական ապակենտրոնացման սկզբունքը` տարածքային ամբողջականության պահպանմամբ: 1911-ի դեկտեմբերին հրապարակած ծրագրում (71 հոդված) հռչակում էր սահմանադրության պաշտպանություն, լիբերալ կարգերի ամրապնդում, ապակենտրոնացման և մասնավոր նախաձեռնության սկզբունքների իրականացում: Գլխավոր նպատակը երիտթուրքերի բռնապետության տապալումն էր: 1912-1913-ին Թուրքիայում իշխանության գլուխ կանգնած էին իթիլաֆականների աջակցությունը վայելող կառավարություններ: 1913-ի հունվարի 23-ին երիտթուրքերի զինված խռովությունից հետո «Ազատություն և համաձայնությունը» տրոհվել է երեք մասի: Արմատական թևը մի շարք մահափորձեր է կազմակերպել երիտթուրքերի առաջնորդների դեմ, 1913-ի հունիսի 11-ին սպանել են մեծ վեզիր Մահմուդ Շևքեթ փաշային, որից հետո երիտթուրքերը զանգվածային հալածանք են սկսել ընդդիմության դեմ, բանտարկել 300 հայտնի գործիչների: Առաջին աշխարհամարտի ավարտին, երբ Թալեաթի կառավարությունը հրաժարական է տվել, իթիլաֆականների ազդեցությունը վերստին մեծացել է: Նրանց ստեղծած կառավարությունը Կ. Պոլսում կազմակերպել է երիտթուրքերի դատավարությունը (1919-1920 թթ.): Քեմալական շարժման հաղթանակից և հանրապետության հռչակումից հետո «Ազատություն և համաձայնությունը» ինքնալուծարվել է:

 

Գրականության ցանկ 

«Հայկական հարց», Երևան,1996 թ.:

Երիտասարդ Թուրքիա, Սապահ-Գիւլեան Ս., ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 1991թ.:

Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ (1915-ից մինչև մեր օրերը), Կիրակոսյան Ջ., «Հայաստան» հրատ., Երևան, 1983թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am