Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Այնթապի ինքնապաշտպանություն (1920-21թթ.)

 ԱՅՆԹԱՊԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1920-21: Այնթապի հայերի պաշտպանական մարտերը թուրք ջարդարարների դեմ: 1918-ի Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրքական զորքերը թողեցին Կիլիկիան, Այնթապ վերադարձան 1915-ին քաղաքից տարագրված հայերի մի մասը (շուրջ 10 հզ.) և սեբաստահայ գաղթականներ (8 հզ.): Սակայն 1919-ի աշնանը Այնթապում թուրք ազգայնական շարժման ծավալումը և քաղաքը գրաված ֆրանսիական զինվորական իշխանությունների երկդիմի քաղաքականությունը խիստ անապահով կացություն ստեղծեցին հայ բնակչության համար: Հայերը սկսեցին պատրաստվել դիմադրության:

Կիլիկիայում տեղական հայկական իշխանությանը՝ Ազգային միությանը կից, Ա. Լևոնյանի և Ա. Գալեմքարյանի գլխավորությամբ ստեղծվեց զինվորական կենտոնական մարմին, որը հաշվառման ենթարկեց զենքն ու զինամթերքը, կազմակերպեց ռումբեր պատրաստելու գործը, սահմանեց գիշերային հսկողություն: Այնթապի  ինքնապաշտպանության ականավոր կազմակերպիչներից էր քահանա Ներսես Թավուգճյանը: Օգտվելով Մարաշից ֆրանսիական զորքերի նահանջից՝ Այնթապից ֆրանսիական զորամասերի մասնակի հեռացումից թուրքերը 1920-ի ապրիլի 1-ին հարձակվեցին հայերի և տեղում մնացած ֆրանսիական կայազորի վրա: Հայերը դիմեցին ինքնապաշտպանության: Դիրքերը բաժանվեցին պաշտպանական 11 շրջանների, ստեղծվեց շուրջ 750 հոգուց բաղկացած զորախումբ, որը կապ հաստատեց ֆրանսիական զորքերի հետ: Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի վերջը: Անկարայում 1920-ի մայիսի 30-ին ստորագրված ֆրանս-թուրքական զինադադարի համաձայն, ֆրանսիական զորքերը պետք է հեռանային Այնթապից՝ հայ ազգաբնակչությանը փաստորեն մատնելով կոտորածի վտանգի: Տեսնելով, որ ֆրանսիական ուժերին ապավինել այլևս չի կարելի, հայերը որոշեցին թուրք-ֆրանսիական հետագա բախումների դեպքում պահպանել զինված չեզոքությունը: Սակայն կռվող կողմերի միջև հուլիսի 29-ին վերսկսված ռազմական գործողությունները և թուրքական ոտնձգություններն Այնթապի հայերի նկատմամբ վերջիններիս հարկադրեցին վերստին դիմել ինքնապաշտպանության, որը շարունակվեց մինչև 1921-ի փետրվարի 8-ը: Ֆրանսիայի և Թուրքիայի միջև 1921-ի հոկտեմբերի 20-ին Անկարայում կնքված պայմանագրից հետո (տե՛ս Թուրք-ֆրանսիական համաձայնագիր 1921) Այնթապի հայությունը ստիպված եղավ թողնել իր հարազատ քաղաքը և սփռվել աշխարհով մեկ:

Շ. Թորոսյան
 
 
Գրականության ցանկ
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ: 

 Սաֆարյաս Գ., «Պատմություն Այնթեպի հայոց», հ.2, Լոս Անջելես, 1953: 

 Саакян Р. Г., ,,Франко-турецкие отношения и Киликия в 1918- 1923гг'', Е, 1986, с. 132-139.

 

 

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am