ԱՂԲԱԿ, Ալբակ. գավառակ Արևմտյան Հյաստանի Վանի նահանգի Հաքյարի (Հաքքարի) գավառում: Ընդգրկել է Մեծ Զաբ (Զավ) գետի վերին հոսանքի շրջանը` Չուխ և Զագրոս  լեռնաշղթաների միջև: Համապատասխանում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ և Կորճայք նահանգի Փոքր Աղբակ գավառներին: Կենտրոնը` Բաշկալե (Ադամակերտ) ավանը:Աղբակը պահպանել է իր նախնական անվանումը: Գավառի Օսի գյուղի մոտ գտնվող Սուրբ Խաչ վանքում գտնվել է Արծրունիների տոհմական դամբարանը: Ուշ միջնադարում գրեթե լիովին հայբնակ Աղբակի լեռնային մասերում հաստատվել են քրդական ցեղեր: 16-րդ դ. Աղբակը զավթել են Օսմ. թուրքերը: Գավառում էթնիկ. լուրջ փոփոխություններ են առաջացրել նաև 16-17-րդ դդ. թուրք-պարսկական պատերազմները: Այնուհանդերձ, 19-րդ դ 80-ական թթ. Աղբակի մոտ 10 հզ. հայերը կազմում էին բնակչության 50%-ը, կային նաև քրդեր, ասորիներ: Գավառակի հարավային մասում, մասամբ` արևելքում հաստատված քրդերն աստիճանաբար զավթել են հայկական և ասորական բազմաթիվ գյուղեր, որտեղ 20-րդ դ. սկզբին դեռևս պահապանվել էին եկեղեցիների ավերակներ, քրիստ. գերեզմանոցների մնացորդներ, բնակավայրերի մի մասի պատմական անվանումները [Ալբես, Ամպիկ, Արամիան, Բաբլաշեն, Բառնավազ, Գյուլիկ (Գյուղիկ), Դուավան, Զիրանիս, Թաղիկ, Խանասոր (Խանաձոր), Խանջուլիս, Խաշանիս (Խաշնոց), Խաչասոր (Խաչաձոր), Մանկադեմ, Պարանիս, Պլթանիս, Սևիկ, Սինավա, Սորախաչ  (Ձորախաչ), Սորավան (Ձորավան),Տիրանիս, Փրկանիս և այլն]:1895-96-ի հայկական կոտորածները հսկայական կորուստներ են պատճառել տեղի հայերին. ավերվել են նրանց գյուղերը, ավելի քան 1000 ընտանիք գաղթել է, որոնց փոխարեն թուրք կառավարությունն Աղբակում տեղավորել է Իրանից վերաբնակված զգալի թվով քրդերի: Պարբերական կոտորածների և գաղթի հետևանքով Աղբակի հայերի թիվը 20-րդ դ. սկզբին զգալիորեն նվազել է (25-30 %-ը): Աղբակի 144 գյուղերից ամբողջովին կամ մասամբ հայաբնակ էին Ալալան (Ս. Հակոբ), Ալաս, Ակնիս, Ամպիկ (Անպիկ), Աշկիթան, Առակ, Բաբլասան, Բազ, Չուխ, Պատկան, Փիս և այլ բնակավայրեր, որոնք կենտրոնացած էին հիմնականում գավառակի հյուսիսում` Բաշկալեի և Ս. Բարդուղիմեոս վանքի շրջակայքում: 1914-15-ին թուրք բարբարոսները բնաջնջել են Աղբակի հայերի մեծ մասին, որոշ տվյալներով, փրկվել և Արևելյան Հայաստանում ապաստանել է ընդհամենը 1892 մարդ:

 

Գրականության ցանկ

 
«Հայկական հարց», Երևան, 1996 թ:
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am