ԱԽԱԼՑԽԱ, Ախլցխա, Ախալցիխե (վրաց. նոր ամրոց), գավառ Ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգում, Կուր գետի և նրա Փոցխով վտակի ավազանում: Տարածքը համապատասխանում է պատմական Սամցխե (Սամսխե) կամ Մեսխեթի կենտրոնական մասին, իսկ հարավային առանձին հատվածներ մտել են Մեծ Հայքի Գուգարք նահանգի մեջ: 16-րդ դարի վերջին Ախալցխան զավթել են օսմանյան թուրքերը, որից հետո տեղի քրիստոնյա (հայ և վրացի) բնակիչներից շատերը, ենթարկվել են կրոնական և սոցիալական ճնշման, գաղթել են: Չնայած դրան, հայ-վրացական միացյալ պայքարի և Հայաստանի տարբեր մասերից վերաբնակության շնորհիվ, գավառում գերակշռել են քրիստոնյաները:  Ըստ Ղ. Ինճիճյանի, 19-րդ դարի սկզբին հայաբնակ էր գավառի շուրջ 50 գյուղերի մեծ մասը: Ախալցխան Ռուսաստանին անցնելուց (1829) մեկ տարի անց այնտեղ վերաբնակվել է Էրզրումցի հայերի 2536 ընտանիք: 1913-ին Ախալցխայում ապրում էր 41873 հայ (16400-ը` Ախալցխա քաղաքում, մնացածը` գյուղերում): Պատրաստվելով արշավել Անդրկովկաս` Թուրքիան 1917-ի դեկտեմբերին Ախալցխայի թուրքերին դրդել է խռովության: Թուրքիայից օգնություն ստացած մեսխեթցի թուրքերը դեկտեմբերի 27-ին հարձակվել են Ախալցխա քաղաքի վրա, որի հայերը (բնակչության 82%-ը) վրացիների հետ կազմակերպել են զիված ինքնապաշտպանություն: Քաղաքագլուխ Զորի Զորյանի ղեկավարությամբ ստեղծվել է աշխարհազոր, քաղաքի մատույցներն ամրացվել են: Եռօրյա մարտերից հետո, Անդրկովկասյան կոմիսարիատի միջնորդությամբ, թուրքերը դադարեցրել են պաշարումը, սակայն այն շուտով վերսկսվել է: 1918-ի հունվարին փակվել են Ածղուր և Ախալքալաք տանող ճանապարհները, կտրվել է հեռախոսային կապը Թիֆլիսի հետ: Ախալցխայի 20-ից ավելի թուրքական գյուղերի խուժանն սկսել է թալանել ու ավերել շրջակա ու հեռավոր հայկական և վրացական գյուղերը, կոտորել բնակիչներին: Բազմաթիվ գյուղացիներ ապաստանել են Աղալցխա քաղաքում: Հունվարի 27-ին ստեղծված Ախալցխայի Հայոց ազգային խորհուրդը Զորի Զորյանի գլխավորությամբ կազմակերպել է հայկական գումարտակ (հրամանատար գնդ. Չաուշյան), որին միացել են վրացական գվարդիականներ: Հայ կամավորների մի ջոկատ օգնության է եկել Ախալցխայից: Ախալցխայում և գյուղերում փորվել են խրամատներ, դրվել պահակներ, բերդում տեղադրվել է հրետանի, հեռախոսային կապ ստեղծվել քաղաքի և գյուղերի միջև, կազմակերպվել փամփուշտի արտադրություն, պարենի և բուժսպասարկման ծառայություններ: Հունվար-փետրվարին թուրքական հրոսակների բոլոր հարձակումները հետ են շպրտվել, սակայն կրկին սաստկացել են 1918-ի գարնանը, թուրք. զորքերի անդրկովկասյան արշավանքի ժամանակ: Մարտի 6-ից եռօրյա արյունահեղ մարտեր են ծավալվել Ածղուր գ. պաշարվածներին զինամթերք տանող հայկական գումարտակի 60 զինվորների և նրանց դարանակալած թուրքերի միջև: Ախալցխայից օգնության հասած ուժերը թուրքերին հետ են շպրտել Ածղուրից: Ապրիլի 23-ին թուրք խուժանը շարժվել է Օրալ և Սազել հայկական գյուղերի վրա: Հայ գյուղացիները մարտն ընդունել են Օրալ գյուղից ոչ հեռու` Դիպակ լեռան վրա և մեծ կորուստներ պատճառելով թշնամուն` հարկադրել փախուստի: Մայիսի 3-4-ին թուրքերին հաջողվել է ներխուժել Ծուղրութ և Ծիրա հայկական գյուղերը, որոնց բնակիչները պատսպարվել են Ախալցխա քաղաքում: Թուրքական թալանի և կոտորածի են ենթարկվել նաև մի քանի վրացաական գյուղեր: Ընդհանուր հակահարձակման անցած հայ-վրացական ուժերը մայիսի սկզբին ազատագրել են Մուսխ գյուղը, սակայն թուրքական բանակի մի զորագունդ, տեղի մահմեդական խուժանի աջակցությամբ, զավթել է Ախալցխան: Բաթումի պայմանագրով (1918) վրաց մենշևիկները գավառը զիջել են թուրքերին, որոնք, երկյուղելով հայերի և վրացիների ինքնապաշտպանական զորեղ պայքարից, ձեռնպահ են մնացել նրանց նկատմամբ բռնություններ գործադրելուց: 1918-ի վերջին, առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, թուրքական զորքերը դուրս են բերվել Ախալցխայից, և Ախալցխա քաղաքն ու գավառը մտել են Վրաստանի կազմի մեջ:

 
Գրականության ցանկ

«Հայկական հարց» , Երևան, 1996թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am