ԱՐՂՈՒԹՅԱՆ Հովսեփ, Իշխան, Խանասորի իշխան [1863, գ. Սանահին (Լոռու գավառում)-1925, Փարիզ), ազգային ազատագրական շարժման գործիչ: Ծագումով՝ Արղության իշխանական ընտանիքից: ՀՀԴ կուսակցության հիմնադիրներից: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1884): Աշխատել է Ջալալօղլիի, Սուրամի, Թիֆլիսի հայկական դպրոցներում: 1889-ին անցել է Արևմտյան Հայաստան, գործակցել եպիսկոպոս Ներսես Խարախանյանի, Արաբոյի հետ: 1890-ին մեկնել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև: Վերադառնալով՝ անցել է Պարսկաստան (Թավրիզ), որտեղ հսկել և կարգավորել է ՀՀԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել և ղեկավարել Արևմտյան Հայաստան զենքի և զինամթերքի տեղափոխման գործը, զինատար խմբով անձամբ հասել Վան: Մասնակցել է Խանասորի արշավանքին (1897): Արշավանքից հետո պարսկական իշխանությունները ձերբակալել են Արղությանին և որպես ռուսահպատակի հանձնել ռուսական կառավարությանը: Բանտարկվել է Մետեխի (Թիֆլիս) բանտում, ապա աքսորվել Վոլոգդա (1903-ին վերադարձել է): Մեծ աշխատանք է կատարել 1905-06-ին թաթար ջարդարարների դեմ հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատարն էր, Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանում՝ Վիրահայոց ազգային խորհրդի նախագահը, Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, ապա հանրապետության դեսպանը՝ Պարսկաստանում: 1922-ից հաստատվել է Փարիզում:

Գ. Խուդինյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am