ԱՐԽԱՆՅԱՆ Գալուստ, Հաջի Բեկ, [1870, գ. Փոքր Արմտան (Մնձուրիի շրջանում) - 1905, Երզնկա), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Հնչակյան կուսակցության անդամ: Հաճախել է ծննդավայրի դպրոցը: Աշխատել է Կ. Պոլսում. որտեղ ծանոթացել է հնչակյան գործիչների հետ և ընդգրկվել հեղափոխական շարժման մեջ: Մասնակցել է Գում Գափուի ցույցին (1890): Իր միջոցներով զենք է գնել և փոխադրել Արմտան: 1891-ին կազմակերպել է ֆիդայիների խումբ, որը հիմնականում գործել է Արմտանի շրջանում: 1892-ին զինված բախումներ է ունեցել Դերսիմի և Օվաճըկի քրդերի հետ, որոնք հաղթական ելք են ունեցել: Թշնամու դեմ մղած մարտերում վիրավորվել է: Գործակցել է Դերսիմի Քեռիի (Շիշմանյան Ռուբեն) հետ: Իր մղած բազմաթիվ կռիվներով կարողացել է սանձել հայ գյուղացիությանը կեղեքող քուրդ ավազակախմբերը: Արժանացել է «Մնձուրի առյուծ» անվանմանը: 1893-ի սեպտեմբերին Արխանյանի խումբը պաշարվել է Փոքր Արմտանի մեջ: Թուրքական կանոնավոր զորքի հետ մարտը տևել է երեք օր, հայդուկների մեծ մասը նահատակվել է և վիրավորվել, վերջացել է զինամթերքը, Արխանյանը ստիպված հանձնվել է, տեղափոխվել է Երզնկայի բանտ: Դատավարությունը տևել է մեկ տարի: Արխանյանը 12 տարի մնացել է բանտում, 2 անգամ փախուստի անհաջող փորձ է արել: Մահացել է բանտում տարափոխիկ հիվանդությունից: Արխանյանի անունը մեծ ժողովրդականություն է վայելել: Նրա քաջագործություններին նվիրված են բազմաթիվ երգեր և բանաստեղծություններ: Վ. Փափազյանը Արխանյանի կերպարը մարմնավորել է «Հաջի բեկ» վիպակում:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am